Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մարտի 1-ի բացահայտման խնդրին:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ մարտի 1-ի բոլոր բացահայտումներն արված են, արդյոք սա պատասխանատո՞ւ հայտարարություն է: «Աղվան Հովսեփյանը ինքը թող իր հայտարարությունը մեկնաբանի»,-ասաց գլխավոր դատախազը, ապա հավելեց. «Իմ հայտարարությունը հետեւյալն է եղել եւ կա` քրեական դատավարության մեջ ամենակարեւոր սկզբունքը, որ գոյություն ունի, դա գործի արդյունավետ քննության սկզբունքն է, ո՞րն է արդյունավետ քննության երաշխիքները` դա լրիվություն, բազմակողմանիություն եւ արդյունավետություն:
Չկա գործի բացահայտվածության սկզբունք, որովհետեւ եթե կանխավարկածն այնպիսին է, որ եթե այս 3 սկզբունքները գործի քննության ժամանակ ապահովում ես, հետեւաբար դու ճշմարտությունը պարզել ես: Թե ինչքա՞ն էր դա հնարավոր հանգեցնել գործի բացահայտվածության եւ մեղավորներին հայտնաբերելու, դա հարցի 2-րդ կողմն է: Իմ ասածն այն է, որ եթե այս 3 սկզբունքներն ապահովվում են միաժամանակ` այսինքն` գործի քննությունը լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմ իրականացվել ավարտվել է, ապա քրեական վարույթը ենթակա է ավարտման. մի դեպքում` գործը կարճելուն, մյուս դեպքում` անձանց քրեաիրավական պատասխանատվության ենթարկելուն, մյուս դեպքում` երբ 3-ն էլ արվում է, բայց հնարավոր չէ պարզել, ընդունենք` մեղավոր անձանց, գործը կասեցվում է: Քանի դեռ այս 3 որոշումներից որեւէ մեկը կայացված չէ, հետեւաբար գործի լրիվության, բազմակողմանիության եւ օբյեկտիվության սկզբունքը դեռեւս ապահովված չէ, դա ցանկացած գործի է վերաբերում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ