Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Ուզում ենք, որ չգողացվեն փողերը եւ առանձնատներ չկառուցվեն այլեւս»

Հոկտեմբեր 30,2014 16:06

Այսօր ԱԺ Եվրոինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դժգոհեց, որ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը չի կարողանում պատասխանել հարցերին. «Նաիրա Զոհրաբյանը վերահսկողության վերաբերյալ ինչ հարց տվեց, ասում եք՝ չգիտեմ, տեսնեմ, նայենք, ստուգենք եւ այլն: Բացի ջրագծից եւ ուսումնարանների մուտքերի վերանորոգումից, ուրիշ բան շոշափելիորեն չընկալվեց: Օրենքի նախագիծ մշակելու համար գումար են հատկացրել, որ օրենքի նախագիծ մշակեք, դրանից հետո թե կմշակեք, մնացածը կամ կտան, թե չեն տա: Նպատակային ծախսերը որո՞նք են, ինչի՞ համար է այդ գումարը վերցվում, եթե որեւէ ողջամիտ պատասխան չեք տալիս այդ գումարների նպատակահարմարության իմաստով՝ վերցնելու եւ ծախսելու: Իմաստը ո՞րն է վերցնելու: Եթե այդ գումարները ընդհանրապես չլինեն, ի՞նչ է լինելու, որովհետեւ նոր իրողության մեջ հնարավոր է ԵՄ-ն դադարեցնի այդ գումարները տալ»:

Պավել Սաֆարյանը պատասխանեց. «Ես ունեմ այդքան հնարավորություն՝ հարցերին պատասխանելու: Դրանից ավելի չեմ կարող դուրս գալ: Դուք հանդես եք գալիս այն շրջանակում, ինչքան դուք ունեք հնարավորություն: Բոլորս շարժվում ենք մեր հնարավորության շրջանակներում: Ձեր մոտ շատ հարցեր կարող են առաջանալ, բայց ես չեմ եկել այստեղ ձեր բոլոր հարցերին պատասխանելու: Ես ներկայացրեցի ֆինանսական ցուցանիշները եւ այն նախապայմանները, որոնք հիմք են հանդիսացել այդ ծրագրերը կազմելու: Դուք կարող եք դրա հետ չհամաձայնել, կարող է դա Ձեզ համար ողջամիտ չլինի կամ լինի»:

Տիգրան Ուրիխանյանը ճշտեց՝ «20 մլն դրամաշնորհի առնչությամբ իմ ականջը բռնեց երկու ժողովրդանպաստ գործողություն՝ ուսումնարանների մուտքերի նորոգում եւ ջրագծերի հետ կապված: Մնացած բոլորը՝ խորհրդատվություն, քննարկում, ծրագրի արդիականացում, արդարադատության համակարգին այսքան գումար…այդ եթերային, ոչ շոշափելի ծրագրերի մասին է խոսքը: Ուզում ենք, որ չգողացվեն փողերը եւ առանձնատներ չկառուցվեն այլեւս»:

Պավել Սաֆարյանը հորդորեց հարցեր ուղղել պետբյուջեի նախագծի շրջանակներում, իսկ այդ հարցին պատասխանելը, ըստ նրա, դուրս է իր լիազորությունների շրջանակից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031