Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունավե՞տ են հայ գործարարները կառավարում իրենց հարստությունը

Հոկտեմբեր 30,2014 15:40

Երեւանում այսօր մեկնարկեց երկօրյա «Ultra Wealthy Summit» (թարգմանաբար՝ գերհարուստ համաժողով) համաժողովը, որը կազմակերպել է միջազգային «The Summit Zone» ընկերությունը։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց «The Summit Zone» ընկերության ներկայացուցիչ Րին Ուեսթոնը՝ այս գործարար համաժողովի նպատակն է հայաստանյան եւ արտասահմանյան ֆինանսական եւ ներդրումային համակարգում փորձի փոխանակման միջոցով նոր ռազմավարության մշակումը եւ կիրառումը։

Երեւանում կազմակերպված այս միջոցառման հիմնական նպատակն է քննարկել հարստության կառավարմանը վերաբերող մասնավոր ներդրողների խնդիրները, առանձնահատկությունները, միջազգային փորձը, որը բանկային համակարգի եւ խորհրդատվական հանրությանը հնարավորություն կտա ավելի տեղեկացված լինել։ «Հայաստանի տնտեսությունը զարգացող տնտեսություն է եւ համաժողովը կարող է խթան եւ կապող օղակ հանդիսանալ արտասահմանյան եւ հայաստանյան ներդրողների եւ ֆինանսական համակարգի մասնագետների համար»,-նշեց մեր զրուցակիցը։

Համաժողովին ներկա էին հայաստանյան առաջատար բանկերի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, խորհրդատվական հանրությունից առաջատար փորձագետներ։

Karen-Martirosyan
Aravot.am-ը համաժողովի ժամանակ զրուցեց ներկա մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ «Avenue Consulting Group» խորհրդատվական ընկերության բաժնետեր եւ ռազմավարական խորհրդատվական ծառայությունների ուղղության ղեկավար Կարեն Մարտիրոսյանին խնդրեցինք ներկայացնել՝ եթե համաժողովը վերաբերում է հարստության կառավարմանը, ապա արդյո՞ք արդյունավետ են հայ գործարարները կառավարում իրենց հարստությունը, ինչին պրն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ոչ. «Չկա դեռեւս այն գիտելիքը, որը թույլ կտա այն ճիշտ կառավարել, եթե անգամ հարուստ մարդու մտքով նման բան է անցնում, ապա նրանք սովորաբար օգտվում են դրսում գտնվող երկրների ծառայություններից, որոնք կառավարման փորձ ունեն»:

Կարեն Մարտիրոսյանի հետ նաեւ զրուցեցինք Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններից, որը նա նաեւ ներկայացնելու է համաժողովի ժամանակ. «Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության զարգացումը կարելի է բաժանել երեք փուլի. Մինչեւ 2008 թվականը, երբ երկնիշ տնտեսական աճի ժամանակահատվածն էր, 2008-2009 թվականների ընթացքում համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանի տնտեսության կտրուկ անկումը, եւ դրանից հետո 2010 թվականից սկսած վերականգնման փուլը: Սակայն ճգնաժամը ոչ միայն բացասական ազդեցություն թողեց Հայաստանի տնտեսության վրա, այլ նաեւ դրական բան էլ եղավ, քանի որ դրանից հետո տնտեսությունը կառուցվածքային փոփոխությունների ենթարկվեց: Այն տնտեսության ճյուղերը, որոնք մինչեւ 2008 թվականը տնտեսական աճի էական շարժիչ ուժ չէին հանդիսանում, սկսեցին ավելի գերիշխող դառնալ՝ դրանցից էին գյուղատնտեսությունը, վերամշակվող արդյունաբերությունը, մինչդեռ նախաճգնաժամային փուլում շինարարությունն էր համարվում տնտեսության շարժիչ ուժը»:

Ըստ նրա՝ այս տարվա տնտեսական աճը 3 տոկոսը չի գերազանցի: Մեր զրուցակցի խոսքով՝ եթե ԵՏՄ անդամակցությունից հետո պետությունը կարողանա ճիշտ օգտագործել բացվող հնարավորությունները, ապա տնտեսական աճը անխուսափելի կլինի. «ԵՏՄ տարածքում մեզ մոտ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքեր կլինեն, որը հատուկ է արված՝ հայրենական արտադրությունը խթանելու նպատակով: Սա կարող է վերաբերել, օրինակ, մսամթերքի արտադրությանը, քանի որ մեծ քանակով մսամթերք է ներմուծվում արտերկրից: Արագ կողմնորոշվելու դեպքում մեր գործարարները կշահեն, եւ կկարողանան հետագայում իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան»:

«ARLIAN Consulting & Training» ընկերության փոխնախագահ Արսեն Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ համաժողովին ներկայացնելու է Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին, որը հիմնադրվել է «Մարս» գործարանի եւ Մերգելյան ինստիտուտի բազայում. «Սա ցանկացած ներդրողի համար լավ պայմաններ է ստեղծում: Եթե գոյություն ունի հարկերից ազատվելու օրինական միջոց, եւ պետությունը օրենքի հիման վրա երաշխավորում է, որ ներդրողը ազատված է հարկերից, ապա նրանց համար սա շատ լավ հնարավորություն է ներդրումներ կատարելու համար»:

Նշենք, որ «The Summit Zone»-ի կողմից կազմակերպված մյուս համաժողովները հետագայում տեղի կունենան Նյու Յորքում եւ Տոկիոյում:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031