Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության եւ Աղվան Հովսեփյանի հետ հարաբերությունների մասին (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 30,2014 15:12

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեցին`արդյոք խնդիրներ կա՞ն Գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի միջեւ, քանի որ քննչական կոմիտեի քննիչների դեմ քրեական գործ է հարուցված: Նշենք, որ երբ վերը նշված առիթով քրեական գործ հարուցվեց, մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Գեւորգ Կոստանյանի եւ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները լարված են:

Քրեական գործի մասին Գեւորգ Կոստանյանն ասաց, որ դա ուղղակի դատախազի իրավունքն է, երբ տեսնում է հանցագործության հատկանիշներ, նա պարտավոր է քրեական գործ հարուցել. «Երբ քրեական գործը հարուցվում է այս կան այն ոլորտում` չարաշահման կապակցությամբ, դա ամենեւին չի նշանակում եւ չի կարող նշանակել, որ համակարգերի ղեկավարների կամ նրանց աշխատակիցների միջեւ կան որոշակի հակասություններ: Եվ ինձ համար զարմանալի է, որ յուրաքանչյուր պաշտոնյայի կողմից իր լիազորությունների իրականացումն անպայման ներկայացվում է էմոցիոնալ որոշակի զեղումներով»:

Գլխավոր դատախազը նաեւ կարծիք հայտնեց, որ քրեական գործի հարուցումը մարդու ճակատագրի հետ է կապվում, ուստի էմոցիոնալ դրդապատճառներով չի կարելի մարդու ճակատագիրը որոշել:

Կոստանյանի խոսքերով` «Ես ձեզ վստահեցնում եմ, որ որեւէ անձնական կամ էմոցիոնալ հարթության մեջ չեն կարող նման հարցերը քննարկվել, չի կարելի նման հարցերի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերել, որովհետեւ մենք գործ ունենք յուրաքանչյուր քրեական գործով կոնկրետ մարդու ճակատագրի հետ: Դա պարտավորեցնում է յուրաքանչյուրիս, հատկապես դատախազին, ով հսկողություն է իրականացնում նախաքննության օրինականության նկատմամբ»:

Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ` իրավապաշտպանները պնդում են, որ Շանթ Հարությունյանի եւ ընկերների դատավարությունը քաղաքական ենթատեքստ ուներ, գլխավոր դատախազն այս առնչությամբ էլ ասաց` «Ես չեմ տեսնում եւ չեմ կարող տեսնել, որովհետեւ քրեական հետապնդման հարուցման եւ քրեական հետապնդման իրականացման գործընթացում որեւէ քաղաքական գործոն կամ ենթատեքստ չի կարող լինել: Ամբողջ գործը բավականին հիմնավորված, պատճառաբանված ապացույցներով, տեսագրություններով հագեցած է` ապացուցողական բազայի առումով, քաղաքական ենթատեքստ չկա»:

Լրագրողների այն հարցին էլ, թե ինչու մյուս գործերն էլ այդպես օբյեկտիվ չեն քննում, մասնավորապես Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված, գլխավոր դատախազն ասաց. «Սուրիկ Խաչատրյանի նախկին գործը, որը դուք անվանում եք Սուրիկ Խաչատրյանի գործ, դրա վերաբերյալ ես իմ դիրքորոշումը վաղուց հայտնել եմ, բազմիցս հայտնել եմ: Ինչ վերաբերում է նրան, որ որդին այս է անում, այն է անում, ցանկացած դեպքում, երբ որ կան հանցագործության մասին հատկանիշներ եւ կլինեն բավարար հիմքեր, եւ ապացույցներ, որոնք Քննչական կոմիտեն ձեռք կբերի, ապա համապատասխանաբար անձը կենթարկվի քրեական պատասխանատվության»:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց` արդյոք անմեղության կանխավարկածի խախտում չէ՞ր, երբ նախքան դատավճիռը Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում հայտարարեց, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է արել, Գեւորգ Կոստանյանն ասաց, որ դատավճիռը կայացվում է ապացույցների հիման վրա, եւ ոչ թե որեւէ հայտարարության կամ մեկնաբանության: Պարոն Կոստանյանի խոսքերով`«Այդ նույն հաջողությամբ ձեզնից, մեզանից յուրաքանչյուրը, կարող ենք այս կամ անձի վարքագծին, գործողություններին տանք համապատասխան գնահատական, այդ թվում՝ իրավական գնահատական ու մեկնաբանություն»: Լրագրողների այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի խոսքը կարող էր ազդել դատարանի որոշման վրա, գլխավոր դատախազն ասաց. «Սա ինքնին չի կարող անմեղության կանխավարկածի դաշտում դիտվել, որովհետեւ անմեղության կանխավարկածի խախտում համարվում է ոչ թե որեւէ քաղաքացու, քաղաքական կամ պետական գործչի կողմից նախնական վերաբերմունքը որեւէ հարցի վերաբերյալ, այլ պաշտոնատար անձի, ով իր իրավասության սահմաններում իրավասու չէ գնահատական տալ մինչեւ որոշման կայացումը: Եթե դատարանը նախքան վճռի կայացումը այդ մասին դիրքորոշում հայտներ, դա կդիտվեր որպես անմեղության կանխավարկածի խախտում»,-ասաց գլխավոր դատախազը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031