Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն իր վրա դրված բյուջեի «պլանը» վարորդների հաշվի՞ն է կատարում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2014 14:25

Տուգանքները վճարած վարորդներին քաշքշուկների մեջ գցելը ոչ թե տեխնիկական խնդիր է, ինչպես որ պատճառաբանում է ոստիկանությունը այլ` քաղաքական: Այս համոզմանն է «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանություն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Այսօր «Ֆորում» ակումբում, վարորդների պաշտպանը կարծիք հայտնեց, որ ոստիկանությունը միտումնավոր է տուգանքը վճարած վարորդին եռապատկված, քառապատկված տուգանքի ծանուցագիր ուղարկում` հույսը դնելով, որ վարորդը վճարման անդորրագիրը պահած չի լինի եւ չի կարող ոստիկանությանն ապացուցի, որ վճարել է: Հ/կ-ի իրավաբան Արմինե Մկրտչյանի ներկայացմամբ, ոչ մի իրավական ակտով սակայն, սահմանված չէ, որ քաղաքացին 6 ամիս, մեկ կամ երեք տարի պետք է վճարած կտրոնի անդորրագիրը պահի:

Այն քաղաքացիներից էլ, որոնք կտրոնով ոստիկանություն են ներկայանում եւ ապացուցում, որ տուգանքը վճարել են, ոստիկանությունը, Արմինե Մկրտչյանի խոսքերով, ընդամենը ներողություն է խնդրում` պատճառաբանելով, որ ծրագրային խնդիր է եւ քաղաքացու վճարումը համակարգիչը ցույց չի տալիս: Մինչդեռ ըստ իրավաբանի. «Զարգացած այս դարում, ոստիկանությունը պարտավոր է ամենալավ ծրագիրը ներդնել` այսպիսի խնդիրներ չունենալու համար»:

Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով՝ ոստիկանությունում «աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը» եւ այդ պատճառով էլ քաղաքացիները, եթե կտրոն չունեն ստիպված են լինում, տուգանքը կրկին վճարել` արդեն քառապատկված տարբերակով, որպեսզի բնակարանի, ավտոմեքենայի ու անձնական հաշիվների հետ խնդիրներ չունենան:
Aravot.am-ի հարցին, թե գուցե բյուջեում փող չկա, եւ ոստիկանությունն էլ այս ճանապարհով է փորձում իր վրա դրված «պլանը» կատարել, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Իհարկե, այդ հինգ հազարի համար, ո՞վ կգնա դատարան»:

Նրա մեկնաբանությունները` տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից` սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանն էլ անդրադառնալով «կարմիր գծերին», ասաց, որ աշխարհի ամենազարգացած երկրներում էլ կան «այդ չարաբաստիկ կարմիր գծերը», եւ ոչ մի քաղաք չի թողնի, որ իր տարածքները հենց այնպես տնօրինվեն, սակայն Երեւանի պես չէ, որ այդ գումարների 70 տոկոսը գնա մասնավորի գրպանը եւ միայն 30 տոկոսը` համայնքային բյուջե. «Ճիշտ է ֆինանսական առումով վարորդները շահում են, բայց խնդիրներ շատ կան, մեծահասակ մարդկանց մեծ մասը չի տիրապետում ինտերնետին, տեխնիկային եւ հայտնվում են ծուղակում: Նոր կառավարություն էլ ունեցանք, բայց վիճակը դեպի լավը չփոխվեց, ինչպե՞ս կարելի է քաղաքացուն տուգանել 30 հազար դրամ, եթե նրա աշխատավարձը 60 հազար է: Մարդը չի ծնվել պոմիդոր սպառելու եւ կոշիկ հագնելու համար, մարդը ծնվել է հոգեւոր կյանքով ապրելու համար, թատրոն, կինո գնալու համար: Երբ մարդուն հարցնում եմ` վերջին անգամ ֆիլհարմոնիայում ե՞րբ ես եղել, ասում է` վերջին անգամ՝ երբեք»:
Արմեն Պողոսյանի կարծիքով, Երեւանի ավագանին, որ կոչված է քաղաքի համար սրտացավ որոշումներ կայացնելու համար, «մեռելածին մարմին» է եւ ավագանու անդամ հանդիսացող անվանի արվեստագետներ, ճարտարապետներ ու այլ մշակութային գործիչներ, երբեւէ, հօգուտ մեր քաղաքի որոշումներ չեն կայացնում.

«Բյուջեից գումարներ են ծախսվել այդ մեռելածին ավագանին ստեղծելու համար: Երբ փետրվարի ցրտին երիտասարդ աղջիկները, տղաներն, իրենց առողջությունը վտանգելով, նստած պայքարում էին Մաշտոցի պուրակը փրկելու համար, տեսանք, թե մեր ավագանին ինչպես արձագանքեց` «пошли они вон»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031