Այսօր ՀՀ վարչական դատարանում հետաձգվեց քաղաքացիական ակտիվիստ Սիփան Փաշինյանի գործով դատական նիստը (նախագահող դատավոր` Արծրուն Միրզոյան):
Դատարանում տեղեկացրին, թե նախագահող դատավորը սեմինարի է: Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ Սիփան Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժինը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Պատասխանող կողմը հանդես է եկել հակընդդեմ հայցով` Սիփան Փաշինյանի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու /խաղաղ հավաքների ազատության/, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտման փաստը ճանաչելու: Երևան քաղաքի վարչության ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 12.09.2013թ հայցն ընդդեմ Սիփան Փաշինյանի, մերժելու պահանջով:
Նշենք, որ Սիփան Փաշինյանը բերման է ենթարկվել 2013-ի օգոստոսի 24-ին, երբ մասնակցում էր Երևանի քաղաքապետարանի առջև բեմականացված ներկայացման՝ կինոդիտմանը: Ինչպես ժամանակին տեղեկացրել էինք քաղաքացիական ակտիվիստի պնդմամբ` ինքն անգամ չի էլ հասցրել մասնակցել բեմականացմանը, քանի որ բերման է ենթարկվել. «Մենք անգամ չենք էլ հասցրել մասնակցել բեմականացմանը, քանի որ երբ Կոմիտաս 5-ի գործով ակցիային մասնակցելուց հետո հասանք քաղաքապետարան, այնտեղ արդեն 5-6 ակտիվիստ էր մնացել, բոլորին բերման էին ենթարկել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ