«Բովանդակային առումով ճիշտ չէ ասե՝լ օրենսդրական գործունեություն իրականացնելիս կառավարությո՞ւնն է ավելի նախաձեռնական, թե՞ Ազգային ժողովը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովում իրականացնում է իր ծրագրերը եւ քաղաքականությունը. «Բայց Ազգային ժողովը միայն իշխանական թեւը ներկայացնող պատգամավորներից չէ բաղկացած: Մենք կարող ենք ուսումնասիրել, թե ինչպիսի նախաձեռնություններ են իրականացնում մեր ընդդիմադիր գործընկերները: Ցավո՜ք, Ազգային ժողովը երբեմն վերածվում է քաղաքական բեմահարթակի, որովհետեւ ընդամենը քաղաքական տեսակետներ են հնչեցնում, միտինգային տրամադրությունները ուզում են փոխադրել Ազգային ժողով»:
Նա նշեց, որ Ազգային ժողովի հնարավորությունները մի փոքր քիչ են. Այնտեղ կան 12 հանձնաժողովներ, սակայն ԱԺ օրենսդրական նախաձեռնությունների 80 տոկոսն ընկնում է միայն 2-3 հանձնաժողովների վրա. «Պետաիրավական հարցերի, սոցիալական, տնտեսական մշտական հանձնաժողովները հիմնականում կատարում են գրեթե ամբողջ գործընթացը: Այս առումով, քո աշխատակազմում ունենում ես ընդամենը երկու-երեք փորձագետ եւ այդ աշխատակազմով իրականացնում ես ամբողջ աշխատանքը, կարծում եմ՝ բավականին լուրջ աշխատանք է: Մինչդեռ կառավարությունը, տարբեր գերատեսչություններ ունեն իրենց իրավաբանական ծառայությունը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ցավո՜ք, Ազգային ժողովը երբեմն է վերածվում քաղաքական բեմահարթակի…