Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Վայոց Ձորի Գնդեվազ, Գորայք և Սարավան համայնքներին՝ ի դեմ համայնքապետեր Հայրապետ Մկրտչյանի, Առուստամ Առուստամյանի և Սիմոն Բաբայանի

Հոկտեմբեր 30,2014 13:45

Երևան, հոկտեմբերի 30, 2014թ.

ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՋԱԿՑԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Գնդեվազի, Գորայքի և Սարավանի հարգելի բնակիչներ,

ձեր համայնքները հայտնվել են հերթական անհեռատես և բնապահպանական օրենսդրությունը խախտող հանքարդյունաբերական ծրագրի ճիրաններում: Ամուլսարի ոսկու հանքավայրի հնարավոր շահագործման աղետալի հետևանքների մասին դուք պետք է որ տեղեկացած լինեք: Եթե կառավարությունը և հանքավայրի շահագործմամբ հետաքրքրված Գեոթիմ ընկերությունը ձեզ չեն տեղեկացրել, թե մասնավորապես՝ ձեր և համայնքային սեփականության, ձեր առողջության, ձեր տնտեսական գործունեության, ձեր շրջակա միջավայրի, Հայաստանի կարևորագույն ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի և Որոտան գետի ավազանի, տարածաշրջանի տուրիստական գործունեության վրա ինչ բացասական հետևանքներ կունենա հանքավայրի շահագործումը, ապա դուք անտեղյակ եք ձեր և ձեր սերունդներին հասցվելիք մեծ վնասին:

Եթե տեղեկացված լինեիք այդ հսկայական վնասներին, ապա միանշանակորեն կմերժեիք հանքարդյունաբերական այդ ծրագիրը ձեր համայնքներում:

Մենք տեղյակ ենք, որ ձեզ ներկայացրել են աշխատատեղեր տրամադրելու գայթակղիչ առաջարկը, մինչդեռ ձեր համայնքներն ունեն առկա և պոտենցիալ հսկայական ռեսուրսներ՝ զարգացնելու այգեգործությունը, անասնապահությունը, կաթնամթերքի արտադրությունը,ալպյան կանաչեղենի հավաքչությունը և տուրիզմը: Դեռևս Թեղուտ ու Շնող համայնքների օրինակից մենք գիտենք, որ այլընտրանքային տնտեսությանը զարկ տալը կօգնի համայնքներին հասկանալու, որ իրենց շահը երկարաժամկետ և շրջակա միջավայրին անդառնալի վնաս չհասցնող ծրագրերն են, ոչ թե` հանքարդյունաբերությունը:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու ձեր համայնքների գյուղատնտեսական ապրանքների և հնարավոր տուրիստական ծառայությունների խթանման հարցում: Ինչպես Թեղուտ և Շնող համայնքներում ենք կազմակերպել մեղրի վաճառք և հիմա փորձում ենք այնտեղ այլընտրանքային բիզնեսը խթանել, այնպես էլ պատրաստ ենք ձեր համայնքի համար նորարար մոտեցումներով խրախուսել այլընտրանքային տնտեսության զարգացումը:

Կոչ ենք անում թույլ չտալ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը և մտածել ձեր համայնքները մաքուր և չթունավորված գյուղատնտեսական արտադրանքի կենտրոններ դարձնելու մասին: Գնդեվազ Համայնքում մենք պատրաստ ենք ծիրանի և ծիրանից պատրաստված ապրանքների տոնավաճառ կազմակերպել առաջիկա ամռանը:

Հանքի շահագործումը և առողջ շրջակա միջավայրը անհամատեղելի են, հատկապես Ամուլսարի հանքի պարագայում, երբ բաց հանքի ու ցիանային ֆաբրիկայի պատճառով թունավորվելու են ջրային ռեսուրսներ և հողեր ոչ միայն ձեր համայնքներում, այլև Վայոց ձորի,Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում:

Մեր պատրաստակամությունն անկեղծ է, սպասում ենք ձեր արձագանքին:

Save Teghut Civic Initiative

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031