Այսօր հոկտեմբերի 30-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) ասուլիս էր հրավիրվել Պոլիտեխնիկի երկու աշխատակիցների բնակարաններում կատարված խուզարկությունների վերաբերյալ, որին Aravot.am-ն անդրադարձել է երեկ:
Բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն ասաց, որ անընդհատ զանգեր էր ստանում այդ առիթով, եւ ստիպված է եղել ասուլիս հրավիրել:
Նա հիշեցրեց, որ այս տարվա սեպտեմբերի 5-ին «կոտրել» են իր Ֆեյսբուքյան էջը եւ մտացածին տեղեկատվություն տարածել, ու ներկայումս քրեական գործ է հարուցվել: Պարոն Թոքմաջյանը հայտնեց, որ խուզարկություններ են տեղի ունեցել պոլիտեխնիկի երկու աշխատակիցների բնակարաններում, ինչը մամուլում հաստատել է նաեւ քննչական կոմիտեն: Ռեկտորը չցանկացավ մեկնաբանել խուզարկությունների փաստը, ընդամենը նշեց. «Դրանք իրականացվել են քննչական գործողությունների համատեքստում, եւ միայն քննչական գործողությունների ավարտից հետո նախաքննական մարմինն է իրավասու տալ տեղեկատվություն: Ինքս ունեմ բազմաթիվ փաստեր, առայժմ չեմ ներկայացնի նախաքննության բնականոն ընթացքը չխաթարելու համար: Համալսարանում տիրում է առողջ աշխատանքային մթնոլորտ, իսկ այն մարդիկ, որոնք ուզում են խաթարել բնականոն ընթացքը, սակավաթիվ են եւ չեն կարող ազդել այդ ընթացքի վրա»:
Նա նաեւ հավելեց. «Պոլիտեխնիկը մեծ գիտամանկավարժական ներուժ ունի եւ կարող է լուծել բոլոր խնդիրները, հրաժարականի միտք ես չունեմ, իմ ուսուցիչների եւ բուհի լավագույն մասնագիտների հետ լուրջ ծրագիր ունենք հինգ տարվա ընթացքում աշխարհի լավագույն 300 բուհերի կազմում ընդգրկվելու համար, ի դեպ, երկու մասնագիտությունների գծով ունենք միջազգային ակրեդիտացիա: Իսկ կարգապահության եւ աշխատանքի հետ կապված պահանջները որեւէ կապ չունեն սկանդալի հետ»:
Կարդացեք նաև
Բուհի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը անդրադարձավ մարզական համալիրի տարաձայնություններին: Նա ասաց, որ համալիրը տասնյակ տարիներ վարձակալությամբ հանձնված է եղել մի հասարակական կազմակերպության, որը տարեկան ընդամենը 4 մլն դրամ է վճարել, իսկ այժմ անվճար են բոլոր մարզական տարածքները, եւ 40 օրում իրենք կարողանում են նույն բյուջեն կուտակել:
Հարցին, թե «ընդդիմադիրների» խումբ է ձեւավորվել, քանի որ ռեկտորն է բոլոր ծրագրերում մասնակցում, Հովհաննես Թոքմաջյանը պատասխանեց. «Ութ ամսվա ընթացքում, ես բացառությամբ մեկ ծրագրի, որին ի պաշտոնե եմ մասնակցում, չեմ մասնակցել, իսկ այդ միակ ծրագրից որեւէ աշխատավարձ առայսօր չեմ ստացել, ստանալու դեպքում էլ նվիրաբերելու եմ որեւէ անապահով ուսանողի: Յուրաքանչյուր մեծ բուհում էլ կարող են լինել ինտրիգներ, բայց Պոլիտեխնիկի հիմնական կորիզը ոչ միայն առողջ է, այլեւ դրանք մեծ գիտնականներ ու մասնագետներ են, նրանցից յուրաքանչյուրի ներկայությունը պատիվ կբերի յուրաքանչյուր բուհի: Իսկ մի քանի մարդու ինտրիգները բեկումնային չեն կարող լինել»:
Ռեկտորը նաեւ նշեց, որ իր դեմ եղած դժգոհությունների մեծամասնությունը հիմնականում անանուն է: Նա ասաց, որ շատ կուզենար խնդիրը շուտ պարզվի, որ Պոլիտեխնիկ անունը ավելորդ անգամ չհոլովվի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ