Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ
– Հիմա տարբեր ուժեր՝ «Նախախորհրդարանը» կամ անհատ քաղաքական գործիչներ, «Ժառանգությունը» մեղադրում են, որ դուք՝ շեղվելով ձեր սկզբունքներից, համագործակցում եք օլիգարխի կողմից ղեկավարվող կուսակցության հետ, մի օլիգարխի, ում թիմի անդամները մասնակից են եղել ընտրակեղծիքների կազմակերպմանը կամ այդ կեղծիքների դեմ պայքարողների նկատմամբ բռնություններ կիրառելուն։ Չե՞ք կարծում, որ այդ մեղադրանքները տեղին են։
– Այս հարցադրումներն արվում են ոչ այնքան քաղաքական, որքան բարոյական հարթության վրա։ Հիմա եթե դուք նայեք, թե ովքեր են հնչեցնում այդ մեղադրանքները, և հիշեք, թե ինչ դիրքորոշում ունեին այդ նույն մարդիկ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ, կհասկանաք, թե ինչ որակ ունեն այդ մարդիկ։ Այդ նույն մարդիկ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրում էին, թե ինչու է նա առաջադրվել նախագահի թեկնածու, և դա ասում էին այնպիսի համոզվածությամբ, որ միայն իրենք են ի վիճակի ինչ-որ բան անել կամ ինչ-
որ բան փոխել մեր երկրում։
Ես հիշում եմ, 2013թ. փետրվարի 18-ին, երբ արձանագրվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, այդ մարդկանցից շատերը հայտնվեցին մեր գրասենյակում և իրենց օգնությունն էին առաջարկում։ Բայց շատ կոնկրետ պահանջներ էին դնում, մեկն ասում էր՝ միայն ես պետք է ղեկավարեմ հետընտրական գործողությունների շտաբը, որոշ մարդիկ սկսել էին քննարկել, թե ինչ սկզբունքով պետք է ձևավորվի կառավարությունը, և ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի։ Բայց մի քիչ փորձառություն ունեցող մարդիկ տեղյակ էին, թե այդ տիպի մարդիկ ինչի են ընդունակ, և պատահական չէ, որ ապրիլի 9-ին, երբ իրավիճակը սրված էր, և մենք Բաղրամյան պողոտայով երթ արեցինք, նրանցից ոչ ոք չկար մեր կողքին, բոլորը փախած էին։ Հիմա այդ նույն մարդիկ բարոյախրատական տեղատարափ են թափում Րաֆֆիի վրա, թե՝ դու ինչպե՞ս կարող ես լինել եռյակում։
Կարդացեք նաև
Մի գնահատական եմ ուզում տալ այդ մարդկանց, այդ մարդիկ քաղաքական դաշտում գործում են միայն մի նպատակով՝ խանգարելու և ամեն ինչ փչացնելու, և այդ մարդկանց ես լուրջ չեմ ընդունում, և հասարակությունն էլ լուրջ չի ընդունում։
Մի տեսակ էլ կա, որ իրենք թաքուն սնվելով այլ օլիգարխներից՝ մեզ մեղադրում են, ասում են՝ բա կարելի՞ է օլիգարխի հետ համագործակցել։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և Րաֆֆի Հովհաննիսյանն իր օրինակով ցույց տվեց, որ լինելով բարոյական, անբասիր կենսագրության տեր մարդ՝ որոշել է օգտագործել եղած հնարավորությունները՝ իր և մեր բոլորի նպատակին հասնելու համար։ Բոլորիս համար էլ պարզ է, որ այսօր Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար պետք է համախմբել ուժերը և գտնել այն ոսկե միջինը, որը կարող է բավարարել բոլոր կողմերին։
– Կարելի՞ է ասել, որ դուք իշխանափոխությունը հնարավոր եք համարում միայն Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության միջոցով։
– Խնդրում եմ, անուններ մի տվեք, ես խոսում եմ քաղաքական կատեգորիաների մասին։ Երբ ես ասում եմ, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ես նկատի ունեմ, որ քաղաքական նպատակին հասնելու համար պետք է օգտագործել տվյալ իրավիճակում առկա քաղաքական հնարավորությունները։ Գագիկ Ծառուկյանը, ով կորցնելու շատ-շատ բան ունենալով՝ մտել է այս գործի մեջ, մենք դա պետք է միայն ողջունենք։ 1-1,5 տարի առաջ կպատկերացնեի՞ք, որ Գագիկ Ծառուկյանը ելույթ կունենար Ազատության հրապարակում և թեկուզ «եթե»-ներով կխոսեր իշխանափոխության մասին։ Կա քաղաքականության տրամաբանություն, և եթե նայեք նույն Վրաստանին, Ուկրաինային, կտեսնեք, որ գնում է համադրում քաղաքական մտքի և ֆինանսատնտեսական ռեսուրսի միջև։ Այնպես որ, Հայաստանում ևս այդ քաղաքական տրամաբանությունը գործում է, և դրա մեջ որևէ արտառոց բան ես չեմ տեսնում:
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում