Լրահոս
Օրվա լրահոսը

Վելես իրավապաշտպան հասարակական կազմակերպության բաց նամակը ՀՀ գլխավոր դատախազին

Հոկտեմբեր 30,2014 12:10

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Հարգելի պր–ն Կոստանյան

Խորապես ողջունում ենք Հատուկ քննչական ծառայությունում կատարվող անօրինականությունների նկատմամբ Ձեր ուշադրությունն ու կատարած քայլերը: Բազմիցս փորձել ենք արժանանալ Ձեր ընդունելությանը, որպեսզի ներկայացնենք այն ամենաթողության և ապօրինության մթնոլորտը, որ տիրում է ՀՔԾ–ում։

Հուսով ենք, որ այս նամակում տեղ գտած փաստերը եւս կարժանանան Ձեր ուշադրությանը:

Եվ այսպես, ս.թ ապրիլի 14 –ին ՀՔԾ-ում հարուցվել էր թիվ 62207914 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը», քանի որ ԴԱՀԿԾ մի քանի աշխատակիցներ գործադրել էին բռնություն 76 ամյա Զինա Գյոզալյանի և իմ՝ «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ:

Ս.թ. մարտի 17-ին ԴԱՀԿԾ աշխատակիցները Աբովյան փողոցի կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ նախ բռնությունների ենթարկեցին տարեց կնոջը, իսկ երբ ես փորձեցի խոչընդոտել նրանց, ինձ կողպեցին փակ սենյակում: Ավելի ուշ, երբ Զինա Գյոզալյանին դուրս էին շպրտել իր տնից, ինձ ազատություն «պարգեւեցին» եւ պատճառելով մարմնական վնասվածքներ, բառի բուն իմաստով դուրս շպրտեցին տարածքից՝ ինձ նետելով բետոնե աստիճանների վրա:

Մարմնական վնասվածք պատճառելը ՀՔԾ պետի տեղակալը դիտեց որպես «նուրբ գրկել և տեղափոխել», որը երևի թե բնորոշ է իր ՀՔԾ-ական մտածելակերպին և ապրելաոճին, սակայն անընդունելի ցանկացած արժանապատիվ քաղաքացու համար։

Ի սկզբանե ՀՔԾ –ում տվյալ քր.գործը հարուցելը կրել է զուտ ձևական բնույթ, քանի որ չի անցկացվել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և ի վերջո գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

ՀԿԳ քննիչ Սարգսյանը 27.08.2014թ կայացրել է քրեական գործի կարճման որոշում, որը նույնիսկ հարկ չի համարել ուղարկել տուժողին: Քննիչի կայացրած որոշումը ստացվել է միայն երկու ամիս անց՝ հոկտեմբերի 17- ին, այն էլ ՀՔԾ պետին ուղված դիմումին ի պատասխան։

«Հո՞ ամեն տուժողի չեմ զանգի կանչեմ ու քր.գործի կարճման որոշում տամ։ Տուժողներից մարդ էր եկել երկու ամիս առաջ, Ձեր որոշումը իրան տվի, չվերցրեց, հո՞ առանձին չէի տալու»,- սա է ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ս.Վ. Սարգսյանի բացատրությունը:

Սա ի՞նչ է ՝ թղթի, ժամանակի, պրոֆեսիոնալիզմի պակա՞ս, թե՞ ցինիզմի ավելցուկ։
Հետեւելով քննիչի տրամաբանությանը՝ կարող ենք եզրակացնել, որ մի քանի մեղադրյալներ ունենալու պարագայում եւս մեղադրական եզրակացությունը մեկին են տալիս եւ մյուսներին չեն տեղեկացնում։

Քննիչի կայացրած որոշման վերաբերյալ բողոք ենք ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն եւ այժմ ակնկալում ենք, որ Դուք անձամբ կստանձնեք այս գործի վերահսկողությունը՝ Ձեր բացահայտումներին ավելացնելով ՀՔԾ-ում կատարված այլ ապօրինություններ եւս:

Հարգանքով,
«Վելես» իրավապաշտպան
հասարակական կազմակերպության
նախագահ
Մարինա Պողոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031