Լրահոս
Օրվա լրահոսը

Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը մեկնարկեց սկանդալով

Հոկտեմբեր 30,2014 12:08

Այսօր ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը մեկնարկեց սկանդալով: ԲՀԿ-ական պատգամավորներ, հանձնաժողովի անդամներ Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը, ՕԵԿ-ական պատգամավորներ Մհեր Շահգելդյանն ու Հովհաննես Մարգարյանը լքեցին նիստը: Հարցն այն է, որ տվյալ պատգամավորները դահլիճ մտնելով`չեն կարողացել գտնել իրենց համար հատկացված տեղեր: Ցուցանակներն ավելացվել են հընթացս, այն էլ ոչ քննարկման սեղանի շուրջ` երկրորդ շարքում: Ականատեսները պատմեցին, որ ցուցանակ չի եղել նաեւ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի անունով:

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատմեց, որ իր կարծիքով խնդիրն այն է, որ կոնկրետ ԲՀԿ-ական պատգամավորները բավական ակտիվ են եղել հանձնաժողովում: Անցած տարի Նովգորոդում այս հանձնաժողովի նիստում, միակ որոշումը, որը կայացվել է ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկով`ձեւավորել մանր ու միջին ձեռնարկատիրության հետ կապված աշխատանքային խումբ ՌԴ եւ ՀՀ նախարարությունների մակարդակով, փոխնախարարների գլխավորությամբ, այսօր պետք է քննարկման հարց դառնար: Մինչ նիստի մեկնարկը Տիգրան Ուրիխանյանը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի հետ զրույցում ասել է, որ այս քննարկման ընթացքում պատասխանատվության են ենթարկելու իրեն`որոշմանը հետամուտ չլինելու համար: Փոխնախարարը խոստովանել է, որ անգամ մեկ հանդիպում էլ չի եղել: Զրույցին ներկա են եղել ՀՀ-ում ՌԴ դեսպանը եւ սենատոր Չեռնիշենկոն:

Վահան Բաբայանն էլ հավելեց, որ այս հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչներն առանձնակի դերակատարում են ունեցել, Բելգոռոդում կայացած հավաքում էլ ակտիվորեն բարձրացրել են աբխազական երկաթգծի վերագործարկման հարցը, ինչին, ի դեպ, նվիրված էր անցած տարի Հայաստանում տեղի ունեցող ողջ նիստը: Պատգամավորները ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքին, որ քննարկման սեղանի շուրջ գերակշռում էին հանձնաժողովի հետ կապ չունեցող ՀՀԿ-ական պատգամավորներ, ՀՀ գործադիր մարմնի ներկայացուցիչներ:
Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը եւ Վահան Բաբայանը նաեւ Հայաստան-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի, ՀԱՊԿ-ի հետ համագործակցող հանձնաժողովների անդամներ են, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովներում փոխնախագահներ են:

ԲՀԿ-ական պատգամավորները նամակով դիմեցին Նիկոլայ Ռիժկովին`պարզաբանելով իրենց չմասնակցության հարցը`հավելելով, որ իրենք չեն բոյկոտում հանձնաժողովի աշխատանքները, ունեն առաջարկներ եւ պատրաստ են դրանք ներկայացնել:
ԱԺ արարողակարգի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մեղքը չկա, որ միջոցառման կազմակերպման համար պատասխանատու է արտաքին հարաբերությունների վարչությունը: Այդ վարչությունից պարզաբանումներ առայժմ չկան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031