Հովհաննես Մանուկյանի խոսքերով՝ պետք է հասկանալ, թե որքանո՞վ է Հայաստանում օպտիմալ օրենքների մշակման գործընթացը, «Անկախ սահմանադրական բարեփոխումներից մենք այս ճանապարհը պետք է անցնենք»,- այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մինչ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի շնորհանդեսը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նրա խոսքերով՝ պետք է հասկանալ, թե որքանո՞վ է Հայաստանում օպտիմալ օրենքների մշակման գործընթացը, որքանո՞վ է կառավարությունը հաշվի առնում շահառուների իրավունքները, որքանո՞վ են որոշումներ կայացնելիս հաշվի առնում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքը, որքանո՞վ է ժամանակային սահմանափակումը օպտիմալ, որքանո՞վ է կառավարությունը եւ Ազգային ժողովը արդյունավետ համագործակցում մինչեւ Ազգային ժողովի լիագումար նիստում այդ օրենքների քննարկումը. «Բոլոր փուլերում էլ մենք ունենք խնդիրներ: Մասնավորապես՝ ես շատ եմ կարեւորում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը»:
Նա անդրադարձավ նաեւ նախարարություններին իրենց կից գործող հանրային խորհուրդներ՝ նշելով, որ այդ խորհուրդները ձեւաչափերից մեկն են, որոնցով պետական մարմինները քաղաքականություն մշակելիս եւ համապատասխան որոշումները կայացնելիս ներգրավում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին. «Բայց սա պետք է դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա. չլինի այնպես, որ մի նախարարությունում գործում է, մյուսում չի գործում: Սրանք պետք է միասնական մոտեցումներ լինեն բոլոր պետական համակարգների համար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ