Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Ավելորդ ջղաձգումներ այստեղ պետք չեն». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 30,2014 11:38

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ «ՀԺ»–ին տված հարցազրույցում անդրադարձել է եռյակի վերջին հանրահավաքին։

– Պարոն Մինասյան, Արմեն Ռուստամյանը խորհրդարանական վերջին ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ Դաշնակցությունը ցանկանում է, որ եռյակը հաջողի ու չհիասթափեցնի ժողովրդին, այս գործընթացն ու վերջին հանրահավաքը ի՞նչ են ցույց տալիս, հաջողո՞ւմ է եռյակը։

– Մենք հարգանքով ենք մոտենում հանրության այն հատվածին, որ նաեւ մասնակցելով միտինգներին, պահանջում է փոփոխություններ։ Սա մեր հանրության լեգիտիմ ակնկալիքն է։ Ինչ վերաբերում է եռյակի գործողություններին, այդ թվում նաեւ այդ ակնկալիքները իրականացնելու տեսակետից, ինձ համար մի քանի հարցեր բաց են մնում։

Առաջինը, այնուամենայնիվ, չի հնչում՝ որո՞նք են պահանջների այն ամբողջությունը, որոնք ներկայացվում են իշխանություններին եւ որոնք համապատասխանում են հանրության ակնկալիքներին։

Երկրորդ, հանրահավաքը ցույց է տալիս, որ իսկապես քաղաքացիները փոփոխությունների պահանջ են առաջադրում, որոնք բխում են երկրում ձեւավորված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից, արդարադատությունից, ապագայի նկատմամբ անվստահությունից։ Դա պարզ էր շատ ավելի վաղուց, դրա մասին խոսել են գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչները, քաղաքական ուժերը, եւ պարզ է, որ հավաքվել, նորից խոսել այդ պրոբլեմների մասին արդյունավետ չէ, եթե չունես կոնկրետ գործողությունների կամ ծրագրանպատակային քայլերի հաջորդականություն։ Իսկ այդպիսի հաջորդականությունը այսօրվա ներքաղաքական կյանքում սերտորեն առնչվում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հետ, որը, սակայն, եռյակը մերժում է։ Ուստի, այդ տեսակետից, այդպես էլ պարզ չէ, թե սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության շրջանակներում ինչի՞ն են դեմ մեր հարգելի գործընկերները։

Այդ տեսակետից շատ լավ կլինի, որ ձեւակերպվեն այն կոնկրետ դրույթները, որոնք ընդունելի չեն իրենց կողմից սահմանադրական այս փոփոխությունների փուլում։ Բայց ընդհանրապես մերժել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, նշանակում է նաեւ մերժել փոփոխությունների անհրաժեշտությունը։ Չէ՞ որ մեծ հաշվով, պարզ քաղաքացու համար էական նշանակություն չունի՝ անձը Ա-ն է, թե Բ-ն է։ Եթե այդ անձը պետք է իշխանության գա նույն մեխանիզմներով, ինչով ձևավորվել է օրվա իշխանությունը, նրա համար տարբերություն չկա՝ կոռուպցիայով զբաղվում է Ա՞-ն, թե Բ-ն։ Միեւնույն է, այդ կոռուպցիայի զոհը նույն քաղաքացին է։

Հաջորդ դիտարկումս այն է, որ ամբիոնից մերժել, թշնամական վերաբերմունք արտահայտել այն քաղաքական ուժերի, միավորների եւ անձանց նկատմամբ, ովքեր չեն կիսում թե՛ մեթոդների, թե՛ գաղափարական առումով առաջարկվող մոտեցումները, մերժելի է։ Մեր անցած պատմությունը ցույց է տվել, որ այդ մոտեցումն ավարտվում է արյունահեղությամբ, սա բերում է ծայրահեղ դրսեւորումների, եւ այո, նույն մարգինալացման, որի մասին խոսվեց հարթակից։ Մարգինալացման բնութագրումը հենց այդ կեցվածքն է, այլ ոչ թե նրանց մոտեցումները, ովքեր համակարծիք չեն քաղաքական այն գործընթացների տրամաբանության եւ ծրագրերի հետ, որ հայտարարվում է։

– Դուք ասացիք, որ վերջին հանրահավաքում քիչ էր շեշտադրումը հանրաքվեի վրա, բայց, ըստ էության, հայտարարվեց, որ առաջին հանրահավաքից հետո իրենք հաղթանակ ունեցան, քանի որ Սերժ Սարգսյանի խոսնակը հայտարարեց, որ փետրվար-մարտ ամիսներին միայն Սարգսյանը տեսակետ կհայտնի։

– Եթե իրենք դա համարում են հաղթանակ, իրենց խնդիրն է, պարզապես պետք է առնվազն բարի լինել, ծանոթանալ Սերժ Սարգսյանի հրամանագրի հետ, որով ամբողջությամբ սխեման նկարագրված է։ Ավելորդ ջղաձգումներ այստեղ պետք չեն։ Նրանք, ովքեր համարում են հաղթանակ, թող համարեն, բայց այդ հաղթանակի դրսեւորումը ո՞րն է, ես չեմ տեսնում։ Մինչեւ փետրվար-մարտ ամիսները տեղի են ունենալու քաղաքական քննարկումներ։ Եթե դու ի սկզբանե հրաժարվում ես ծանոթանալ այդ փաստաթղթին, հայեցակարգի հետաձգումը համարում ես հաղթանակ, հարց է առաջանում՝ այդ ժամկետի ընթացքում ի՞նչ ես անելու։ Ամեն օր նստենք, ասենք՝ հաղթանակ էր, հաղթանակ էր, մինչեւ փետրվար-մարտ ամիսներին բերեն մի փաստաթուղթ, որին դուք այդպես էլ չծանոթացաք, այն ժամանակ ի՞նչ եք ասելու, ասելու եք, հավանություն է տրվել մի փաստաթղթի, որտեղ ձեր տեսակետները հաշվի չեն առնվել, որոնք դուք այդպես էլ չներկայացրեցիք, թե հայտարարելու եք, որ հաղթանակը իշխանությունը մսխե՞ց։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031