Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Տեղակալի կարծիքն ինձ չի հետաքրքրում»

Հոկտեմբեր 30,2014 11:14

«Այսօր ցավում է ՄԻՊ-ը, երեկ ցավում էր Երեւանի քաղաքապետը, Սյունիքի մարզպետը, երեկոյան կցավա արտգործնախարարը…»,- այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ռեպլիկ արեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը`նկատի ունենալով այն փաստը, որ շատ պետական պաշտոնյաներ հարկ չեն համարում իրենց ներկայությամբ պատվել բյուջեի նախագծի քննարկումները:

Գործընկերոջ մտահոգությունը շարունակեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Իհարկե կցավա, ժամը երկուսին կցավա, Ամանում ա..»: Պատգամավորը նկատի ուներ այն, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Ամանում`նախագահի գլխավորած պատվիրակության հետ: Սակայն, մինչ այս էլ Էդվարդ Նալբանդյանը գրեթե երբեք չի ներկայացել բյուջետային քննարկումներին:
«Հանգիստ-հանգիստ»,- գործընկերուհուն կոչ արեց նիստը նախագահող, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը:

Miqael_Melqumyan Lsumner-2

«Մենք մեր օգնականներին չենք ուղարկում: Ձեր ներկայացման հետ խնդիր չկա, բայց մենք ցանկանում ենք ոլորտի պատասխանատուներից որակական արդյունքների մասին պատասխաններ ստանալ, ոչ թե որքան հոսանքի կամ գազի գումար է ծախսվել»,-շարունակեց Ալեքսանդր Արզումանյանը:

Ի դեպ, որակական ցուցանիշների մասին մտահոգություն էր հայտնել նաեւ Նաիրա Զոհրաբյանը, երբ ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչը ներկայացնում էր գալ տարվա համար նախատեսված անելիքները`թվային տվյալներով: Պատգամավորը տարակուսեց`ինչպե՞ս են նախատեսել, թե քանի ահազանգ է լինելու, ինչո՞ւ 222 եւ ոչ թե երկու միլիոն, ինչո՞ւ հետեւողական չեն լինում ահազանգերի արդյունքում բարձրացված խնդիրների լուծմանը, կա՞ մոնիթորինգ, թե քանի դեպքով է որակական արդյունք գրանցվում եւ այլն:

Փորձելով փարատել Ալեքսանդր Արզումանյանի եւ Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունները`գերատեսչությունների առաջին դեմքերի բացակայության մասով, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասաց. «Մեր նպատակն ու պարտականությունը լիագումար նիստին պատգամավորների կողմնորոշումն է: Դեռ 13-րդ նիստ կա, որը երեք լիարժեք օր է տեւում ու որից պատգամավորները չեն օգտվում: Մինչդեռ այդտեղ քննարկումներ ու առաջարկություններ կարելի է անել»:

«Կողմնորոշման համար ինձ հարկավոր է հարցեր տալ, պատասխաններ լսել: Նառիշկինի ասածը չլինի`Դուման քաղաքական հայտարարությունների տեղ չէ: Տեղակալի կարծիքն ինձ չի հետաքրքրում»,- հակադարձեց Ալեքսանդր Արզումանյանը`հավելելով, որ բյուջետային քննարկումների կարգում փոփոխություններ են պետք, որպեսզի հնարավոր լինի ապահովել պաշտոնյաների ներկայությունը: «Այդ երեք օրը կգան»,- խոստացավ Գագիկ Մինասյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը ևս համաձայնեց իր ընդդիմադիր գործընկերների դիտարկումներին`պաշտոնյաների պահվածքի մասով: Ապա ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցչից հետաքրքրվեց`կա՞ մի ոլորտ, բնագավառ որը ֆինանսական պակասի պատճառով ցանկալի արդյունքների չեք կարողանում հասնել: Տաթեւիկ Խաչատրյանն ասաց, որ հստակ այս պահին ասել չի կարող, բայց նախկինում ունեցել են վեց մարզային գրասենյակ, այժմ`երեքը, թեպետ կարողանում են այդ խնդիրները լուծել ու օրախնդիր հարց չկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031