Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սկեսուրը «սկայպով» ծեծել է տվել հարսին. «Հրապարակ»

Հոկտեմբեր 30,2014 11:02

Լիլիթ Թ.–ն ամուսնությունից առաջ ոչ մի հիվանդություն չի ունեցել։ Բժշկական անկետայում ֆիքսված է միայն, որ 7-րդ դասարանում թոքաբորբ է տարել։ Բայց մեկուկես տարվա ամուսնական կյանքից հետո նա կատարյալ հաշմանդամ է դարձել։ Այժմ չունի տեսողություն, գեղձերը վնասված են, գլխապտույտներ է ունենում, որոնք գլխուղեղի մասում ստացած բազմաթիվ հարվածների հետեւանք են։ Հետտրավմատիկ սկլերոզ, վեստիբուլյար ապարատի խախտումներ, այս գրառումները նշված են բժշկական փաստաթղթերում, որոնք հավաքել է ամուսնուց հեռանալուց հետո, երբ ամուսնուն եւ սկեսրոջը մեղադրանք էր առաջադրվել «Ծեծը» հոդվածով։

«Թեղուտ» ՓԲԸ-ի վարորդ Արթուր Հ.–ն եւ նրա մայրը Լիլիթին ծեծել են տարբեր առարկաներով։ Մի անգամ նույնիսկ «սավոկով» է սկեսուրը հարվածել գլխին։ «Փոքր վառարանի երկաթե սավոկ ա, ծանր, սկեսուրս խփեց գլխիս, սեղմեց պատին, պարանոցս սեղմեց, սեւացա»,- Լիլիթն առօրեական ձայնով, վարժ ներկայացնում է ծեծի տարեգրությունը, դատարանում, քննիչների, դատաբժշկի մոտ կրկնած ֆրազները։

Հարսին ծեծելն Արթուրենց տանը հոբբի է եղել։ Երեք անգամ ծեծն այնքան դաժան է եղել, որ Լիլիթը դիմել է բժիշկների։ Մի անգամ կեսուր-մայրիկը բարձր տեխնոլոգիաներն է ծառայեցրել մեր ավանդական բարքերին՝ Ռուսաստանի բարեկամի տնից «սկայպով» է ծեծել տվել Լիլիթին, որը հղի էր եւ այդ դեպքից հետո վաղաժամ ծննդաբերեց։ «8 ամսական հղի՝ ծեծել են, գցել են հիվանդանոց, տեր չեն եղել»,- գանգատվում է Լիլիթի մայրը՝ Գյուլնարան, կարծես «տեր չլինելն» էր կարեւորը, ոչ թե ծեծելը, եւ եթե Լիլիթին «տեր կանգնեին», Գյուլնարան այնքան էլ դժգոհ չէր լինի։ Նա տիպիկ հայկական «աղջկա մեր» է։ Երբ զգացել է, որ աղջկա կյանքին եւ առողջությանը վնաս է սպառնում, ոսկեղենը նետել է խնամու դեմքին, «իր երեխաներին» վերցրել, տարել է իր մոտ՝ Ալավերդի, ապա դիմել է ոստիկանություն եւ աղջկան բաժանել ամուսնուց։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ավաղ, սա էլ է Հայաստան, բայց որի մասին աշխատում ենք չխոսել: Մուտացիայի ենթարկված նահապետական բարքերը ամեն ոք մեկնաբանում է իր տեսակետով, ու տեսությունը վերածում իրականության ամեն գնով:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031