ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի բյուջեն այս տարի կկազմի 249, 6 միլիոն դրամ: Անցած տարվա համեմատ ՄԻՊ-ի բյուջեն աճել է 26,4 միլիոն դրամի չափով: Ավելացել են ընթացիկ ծախսերը, շուրջ 29 միլիոն դրամը աշխատավարձի ֆոնդն է աճել: 3 միլիոնով պակասել են կապի, գրասենյակային եւ այլ ծախսերը:
«Այս բյուջեի առանձնահատկությունն այն է, որ փոխհամաձայնություն կա»,- այսօր խորհրդարանում 2015 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ անցած տարի «10 միլիոնի մեծ պատերազմ գնաց» ու Կարեն Անդրեասյանն էլ ասել է, որ առանց դրա հնարավոր չի լինի աշխատել: «Իրենք գո՞հ են»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ այդ տասը միլիոն դրամը նախատեսվում էր ՄԻՊ-ի գրասենյակի արագ արձագանքման խմբի աշխատանքի համար:
Կարդացեք նաև
«Գոհը հարաբերական է, բայց այն անհամաձայնությունը, որը դուք նշեցիք, բուռն պատերազմներ էր, հիմա չկա»,- պատասխանեց Պավել Սաֆարյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հստակեցնող հարցին` արագ արձագանքման խմբի տասը միլիոն ծախսերը պահպանվե՞լ են, փոխնախարարը դրական պատասխան տվեց:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այս օրերին աշխատանքային գործուղման մեջ է գտնվում ու այդ պատճառով չի ներկայացել բյուջետային քննարկումներին:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Տաթեւիկ Խաչատրյանից հետաքրքրվեց`ինչպե՞ս են իրենք գնահատում իրենց իսկ աշխատանքի արդյունավետությունը ու ի՞նչ լրացուցիչ ռեսուրսներ կամ իրավասություններ են պահանջվում ավելի արդյունավետ աշխատելու համար: «Այս տարի ֆինանսական խնդիր չկա: Անհրաժեշտ գումարը ստացել ենք: Ավելին` միշտ պետք է, բայց մենք հասկանում ենք, որ կա ողջամտության սահման: Այս պահին կարողանում ենք մեր ռեսուրսներով լուծել մեր առջեւ դրված խնդիրները: Հետագայում, եթե վերանայելու անհրաժեշտություն լինի`կբարձրաձայնենք»,- ասաց ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը: Օրենսդրական լծակների վերաբերյալ էլ հավելեց, որ ՄԻՊ-ը պատգամավորներին կներկայացնի ՄԻՊ-ի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ: Աշխատանքի գնահատումը, Տաթեւիկ Խաչատրյանը մեջբերելով Կարեն Անդրեասյանին ասաց, որ իրենց լավագույն դատավորը`հանրությունն ու պատգամավորներն են, ովքեր, ի դեպ, ընտրել են օմբուդսմենին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ