Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից «սեւի» ու «սպիտակի» մասին

Հոկտեմբեր 30,2014 10:09

Այսօրվա երիտասարդներից, հավանաբար, քչերն են տեսել «Լենինը 18 թվականին» ֆիլմը, որն էկրան էր բարձրացել 1939 թվականին: Տաղանդավոր ռեժիսորի եւ դերասանների աշխատանքը, ըստ էության, բոլշեւիկյան մարդակերության եւ ստալինիզմի քարոզ էր (կամ գուցե խորը «գաղտնագրված» խարազանո՞ւմ): Հետաքրքիր է, որ ֆիլմի ճակատագիրն արտացոլում է պատմության հանդեպ վերաբերմունքը, որը կար եւ, ցավոք սրտի, առայսօր մնացել է հետխորհրդային հասարակություններում: Ֆիլմի սկզբնական վարկածում գլխավոր հերոսի կողքին գրեթե հավասար դերակատարություն է ունենում Ստալինը:

 

1956 թվականին ֆիլմը վերամոնտաժվել է, եւ «ժողովուրդների հայրը» գրեթե չի երեւում:

Ընդհանրապես չկան նաեւ Բուխարինի հետ կապված դրվագները, որովհետեւ 1938 թվականին գնդակահարված այդ բոլշեւիկը հաջորդ տարի էկրան բարձրացած կինոնկարում ներկայացված էր որպես Լենինի դեմ դավադրության կազմակերպիչներից մեկը: Հիմա էլ է, չէ՞, այդպես. հակահերոսները 3-4 տարում դառնում են հերոսներ եւ հակառակը, իսկ բոլշեւիկյան «սկզբունքայնության» անիվը նորից պտույտ է կատարում, ու դերերը նորից փոխվում են, եւ այդպես անվերջ:

Բայց ֆիլմի ամենաբնորոշ դրվագն է Լենինի եւ Գորկու երկխոսությունը: Երբ գրողը միջնորդում է ձերբակալված մի պրոֆեսորի համար, պրոլետարիատի առաջնորդը թերահավատորեն է վերաբերվում այդ խնդրանքին՝ եթե ձերբակալել են, ուրեմն մի հակահեղափոխական բան արած կլինի («ի՞նչ է նշանակում «լավ մարդ է»՝ ո՞րն է նրա քաղաքական գիծը», «առաջ նա մերոնց էր թաքցնում, իսկ հիմա գուցե մեր թշնամիներին»): Գորկին հավաստիացնում է՝ «նա գիտության մարդ է», ինչին բոլշեւիկների ղեկավարը շատ հատկանշական պատասխան է տալիս՝ «ոչ, ոչ, ոչ, Ալեքսեյ Մաքսիմովիչ, այդպիսիք չկան»:

Այսինքն՝ անձը չի կարող լինել պարզապես գիտության մարդ՝ նա պետք է լինի կամ բոլշեւիկների թիմից, կամ վերջիններիս հակառակորդը, թշնամին: Այն ժամանակ նույնպես քաղաքական դաշտը «զուլալ էր». կար «սպիտակը»՝ բոլշեւիկների հետ, երբեմն ասում են՝ «ժողովրդի կողքին», քանի որ բոլշեւիկները նույն ինքը՝ «ժողովուրդն» են, եւ «սեւը»՝ բոլշեւիկների («ժողովրդի») դեմ:

Գուցե ասեք, որ պահն օրհասական էր, քաղաքացիական պատերազմ էր, դրված էր երկրի լինել-չլինելու հարցը: Բայց ինձ թվում է՝ կա՛մ պետք է ընդունել, որ բոլոր մարդկանց կյանքը եւ բոլոր ազգերի պատմությունը բաղկացած է օրհասական պահերից, կործանումներից եւ աղետներից, որոնց վերջը երբեք չի երեւում, կա՛մ էլ հակառակը՝ փորձել քարը քարի վրա դնել առանց մշտական տագնապի զգացողության:

Երկրորդ դեպքում պետք է ընդունել, որ կարող են լինել նաեւ պարզապես գիտության մարդրկ, պարզապես բժիշկներ, ուսուցիչներ, քարտաշներ, որոնք որեւէ «քաղաքական գծի» մեջ չեն տեղավորվում: Նրանք, իհարկե, ունեն որոշակի հայացքներ, բայց վերջիններս «բոլշեւիկ-հակաբոլշեւիկ», «հեղափոխական-հակահեղափոխական», «սեւ-սպիտակի» կաղապարի մեջ չեն տեղավորվում: Նրանք, ովքեր, այսպես ասած, «պայքարի մեջ են», դժվար են դա պատկերացնում: Բայց մյուս կողմից՝ եթե մեկը վերցնում է «պրոլետարիատի պատժիչ սուրը», հետո չի կարողանում այն վայր դնել:
Ի դեպ, այսօր խորհրդային քաղբանտարկյալների օրն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. ՊԱԿ says:

    Պարոն Աբրահամյան,եկեք այդ բոլշեվիկ մենշեվիկ թեման թողեք:Ներկա ջահելները նույնիսկ չգիտեն Լենինին,Ստալինին Տրոցկուն և մյուսներին:Չգիտեն բոլշևիկն ու մենշեվիկն ինչ է նշանակում և նրանց օրինակով քաղաքական բացահայտումներ եք ուզում կատարել:Ձեր ասածները միայն 70-80 տարեկան մարդիք կարող են հասկանալ,ովքեր ապրել են անցյալը և գիտեն:Ներկայումս անցյալ կյանքը այնպես է ներկայացվում,որ ներկա սերունդը դրա մասին իրական պատկերացում չի կարող իմանալ:Ձեր ասածների մեջ ճշմարտություններ գուցե կան,բայց այն հասկանալի չէ նոր սերնդի համար:Նոր սերնդի համար հասկանալի լեզվով արտահայտեք ձեր մտքերը:

  2. Կարո Մելիքյան says:

    Կարճ. Ստալինի մարդակերության սաղմերը ձեւավորվել էն դեռ Մեծ հեղափոխության տարիներին՝պրոլետարների մեծ առաջնորդ Վ.ՈՒլյանովի անմիջական ղեկավարությամբ,եւ նույնի վերաբերմունքը գիտնականներին, հետագայում՝սովետների վերաբերմունքը ինժեներներին՝վճարելով բոլորին նույն սանդղակով,մոտավորապես՝բանվորներին հավասար։ Բարվոք չե պատկերը նաեւ այսօր,կոմսոմոլ հետնորդները անշեղ կերպով շարունակում էն իրենց՝կոմունիստ պապերի նակազները ։ Այսօր,ինչպես ողջ աշխաչհում,այնպես էլ մեզ մոտ՝ (գլոբալիզացիայի հետեւանքները), վազել գնդակ տշելը՝ շատ ավելի հարկի է ու գովելի,քան գիտնականին,կամ գիտությունը նկատելը,այն դեպքում,որ ամեն օր ու ամեն ժամ օգտվում էն գիտության եւ գիտնականների ստեղծած բարիքներից։ Իսկ քաղաքականությամբ զբաղվում էն ստիպված,նրանք ճշտության էն ձգտում նաեւ այստեղ…Գիտության առաջընթացը՝ բերոմ է մարդկության առաջընթացի,իսկ Հայաստանի դեպքում՝ այլընտրանք չկա(սա իշխանություններին …),թեման շատ է տարողունակ եւ անվերջ,իսկ մեր ժամանակը սուղ…առ-այժմ.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031