Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քայլերը 10 անգամ հաշվում է, նոր է անում»

Հոկտեմբեր 30,2014 16:30

«Մենք չենք փորձում Մոսկվայից բերել մեր հաղթանակը, դա միանշանակ է: Եթե մենք կարողացել ենք 3 շատ տարբեր աշխարհաքաղաքական ձգտումներ եւ մոտեցումներ ունեցող քաղաքական ուժերով մեկ հարթակում կանգնել, դա արդեն բոլորին պիտի հուշեր, որ աշխարհաքաղաքական որեւէ ուղղվածություն չունի այս շարժումը: Այն ձեւավորվել է զուտ մեր ներքին խնդիրների արդյունքում, որոնք լուծումներ են պահանջում:

Իշխանությունը ոչ պատրաստ է, ոչ ցանկություն ունի այդ լուծումները տալու: Ժողովրդի դժգոհության վրա է բարձրացել այս ալիքը, ոչ ՌԴ-ն, ոչ Արեւմուտքն այս ամեն ինչի հետ կապ չունեն: Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդամենը խոսել է փաստերի մասին՝ ԵՏՄ-ի մասին, եւ ոչ ավելին»,- «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսպես հակադարձեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի այն կանխատեսմանը, որ այս անգամ էլ իշխանափոխություն չի լինելու. «Սա բայղուշություն չհամարեք, փորձս է ասում: Բոլոր 3 դեպքերում էլ անհաջողությունը եղել է մի խնդրից՝ բոլորն էլ ուզեցել են հաղթանակը բերել Մոսկվայից»: Լյուդմիլա Սարգսյանը վստահեցրեց, որ հարգում եւ շատ սիրում է Արամ Սարգսյանին. «Բայց եթե հիմա իրենք էլ ուզում են հաղթանակն Արեւմուտքից բերել, թող բերեն»:

Արամ Սարգսյանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին ասել էր, որ մարդիկ կան՝ պարտվել չեն սիրում, չեն կարողանում պարտվել. «Իմ կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը զուտ այդ առումով ուզում է հաղթած լինել՝ ցանկացած գնով:

Երիտասարդական ազարտի մեջ է»: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ դա լավ է բնորոշում Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ կարողանում է այդքան ակտիվ գործունեություն ծավալել. «Ինչ վերաբերում է ամեն գնով հաղթելուն, ես համամիտ չեմ: Եթե այդպես լիներ, հիմա Հայաստանը Մայդանի կվերածվեր: Բացարձակ համաձայն չեմ այդ տեսակետի հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանը ամեն գնով իր նպատակին հասնելու միտումներով մարդ չի: Նա հաշվարկային մարդ է: Իր քայլերը 10 անգամ հաշվում է, նոր է անում: Նրա այսօրվա գործունեությունը եւ համագործակցությունը երեք քաղաքական ուժերի հետ, նաեւ հանդուրժողականությունը մեկը մյուսի նկատմամբ, երբ շատ հարցերի հետ կապված ունեն շատ տարբեր մոտեցումներ, դա խոսում է ընդամենը մի բանի մասին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է հաշվարկային քայլերով ժողովրդի աջակցությամբ, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» աջակցությամբ, ինչու ոչ՝ նաեւ Ստեփան Դեմիրճյանի, իմ եւ այլ կուսակցությունների միջոցով, հաշվարկված քայլերով հասնել իշխանափոխության եւ ժողովրդին բարեփոխումների հույս տալ, որ Հայաստանում կարելի է փոխել կյանքը»:
Այն քննադատությունների հետ, որ եռյակում վերջին խոսքը Գագիկ Ծառուկյանինն է, որ հանրահավաքներին մարդ բերողն ինքն է, մարդիկ գալիս են իրեն լսելու՝ Լյուդմիլա Սարգսյանը չի համաձայնում. «Հարթակում կանգնած բոլոր քաղաքական ուժերն ունեն բավականին մեծ կշիռ: Ամեն մեկի հետեւից ե՛ւ ժամանակին, ե՛ւ հիմա բավականին մեծ բազմություն է կանգնած եղել: Երեքի ջանքերով եւ երեքի նկատմամբ ունեցած վստահությունից է, որ մարդիկ այնտեղ կանգնել են»:

Մեր հարցին՝ Դուք չե՞ք տեսնում նմանություն Արտաշես Գեղամյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ, նրանց երկուսի պահանջած իշխանափոխության, կոչերի եւ ելույթների միջեւ՝ նա պատասխանեց. «Նմանություն չեմ տեսնում եւ չեմ էլ ցանկանա երբեւիցե տեսնել»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը քննադատել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ նա ունակություն ունի մարդկանց վերցնել, օգտագործել, հետո հրաժարվել: Նա անուններ էր թվարկել՝ Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Խաչատուր Սուքիասյան, Նիկոլ Փաշինյան: Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով՝ «Ես հարգում եմ այդ տեսակետը, բայց այդ ոճն ու գնահատականներն ինձ համար խորթ են, որովհետեւ ես ավելի լավ եմ ճանաչում Լեւոն Տեր-Պետրոսյանին, քան Արամ Կարապետյանը: Վազգեն Մանուկյանին, Նիկոլ Փաշինյանին ոչ մեկը երբեք չէր կարող օգտագործել: Շատ ներողություն, եթե նրանք իշխանության մեջ են եղել, դա չի նշանակում, որ նրանք օգտագործվել են, նրանք աշխատել են համատեղ: Այդ անունների տեր մարդիկ բոլորը վառ անհատականություններ են, նրանք օգտագործվող մարդիկ չեն, որոնց կարելի էր օգտագործել, հետեւաբար դա ի չիք է դառնում: Մեղադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ մարդկանց օգտագործում, հետո շպրտում է, բացարձակ անհիմն է եւ ազնիվ չէ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՊԱԿ says:

    Հռփսիմե Ջեբեջյանի այս հոդվածից հասկացա,որ Լյուդմիլա Սարգսյանը ավելի խելացի քաղաքական գործիչ է,քան` <> կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:Լևոն Տեր -Պետրոսյանի մասին Լյուդմիլա Սարգսյանի մասին ասվածները միանգամայն ճշմարտություն է:<> կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի կարծիքներին Լյուդմիլա Սարգսյանի հակադարձումները ևս ճիշտ են:Կարող եմ հստակորեն ասել,որ ոչ թէ Լևոն Տեր -Պետրոսյանն է մարդկանց օգտագործել և հրաժարվել,այլ օգտվելով այն բանից ,որ Լևոնը քաղաքական պայքարի փորձ չունի,նրա ՀՀՇ-ական շատ ընկերներ`իրենց շրջապատով հանդերձ,ցանկացել են Լևոնի իրենց նկատմամբ ունեցած վստահությունը օգտագործել իրենց և իրենց թիկունքում կանգնած ուժերի շահերի տեսանկյունից:Գուցե Լևոնը հասկացել է սա, և ձգտելով իշխանության գալ,ցանկանում է ուղղել իր թույլ տված սխալները:Վերջում ասեմ իմ մի անձնական կարծիքը.-Արևմուտքը Հայաստանի համար ապագա չէ`իր այլանդակված բարքերով հանդերձ:Հայաստանը իր ապագան պետք է կերտի արևելքի երկրների նոր ձևավորվող դաշինքի շրջանակներում,որը ըստ իմ կարծիքի, առաջիկայում իրեն կդրսևորի որպես մի քաղաքական հզոր ուժ,առանց որի աշխարհում շատ քաղաքական հարցեր չեն կարող լուծում գտնել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031