Լրահոս
Օրվա լրահոսը

«Անակնկալ չէ, որ անակնկալ չկա»

Հոկտեմբեր 30,2014 16:02

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի` Փարիզի հանդիպումը «ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից
քայլ էր` հանդես գալու պուտինյան միակողմանի հանդիպումների դեմ»

Հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ կայացած ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ռաունդի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ հանդիպել հաջորդ տարի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի ընթացքում:

Paris_27.10.2014_29853

Ֆրանսիական կողմի փոխանցմամբ՝ Ֆրանսուա Օլանդը Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին կոչ է արել ակտիվացնել ջանքերը միջազգային իրավունքի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մատնանշած սկզբունքների շրջանակում հակամարտությունը կարգավորելու նպատակով: Օլանդը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հորդորել է քաղաքական կամք դրսեւորել՝ տարաձայնությունները հաղթահարելու եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար, նա անընդունելի է համարել ստատուս քվոյի պահպանումը՝ առաջարկելով համապարփակ խաղաղ համաձայնագիր մշակել: Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը Սարգսյան-Ալիեւ փարիզյան հանդիպումը դրական քայլ է որակել. «Կարծում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհամաձայնվեն, որ Փարիզում տեղի ունեցած հանդիպումը դրական քայլ էր»:

Paris_27.10.2014_f098

Պաշտոնական Երեւանը` ի դեմս Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, փարիզյան բանակցությունները բնորոշել է «կոնստրուկտիվ, կառուցողական, օգտակար եւ անկեղծ»: «Այս հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, եւ նաեւ վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք առաջարկվել էին դեռ Ֆրանսուա Օլանդի կողմից իր այցելության ժամանակ տարածաշրջան` մայիս ամսին, եւ որոնք ողջունվել էին նաեւ եռանախագահների կողմից։ Մեր մոտեցումները նույնն են, ինչ որ եռանախագահների մոտեցումներն են։ Այդ կարգի վստահության միջոցառումները կարող են լավ պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու համար բանակցային գործընթացում։ Ադրբեջանի մոտեցումը մի փոքր այլ է։ Իրենք այլ ծայրից են, այսպես ասած, մոտենում, որովհետեւ կարծում են, որ բանակցությունների առաջընթացը կարող է պայմաններ ստեղծել վստահության ամրապնդման միջոցառումների համար։ Բնականաբար, դա մի փոքր տարբեր մոտեցում է, բայց դա հայտնի մոտեցում է, ինչը որ եղել է նաեւ նախկինում»,- պարզաբանել է Նալբանդյանը։

8831_b

«Առավոտը» Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանին հարցրեց, թե ինչո՞վ է պայմանավորված փաստը, որ նախ՝ մեծ դժվարությամբ է միջնորդներին վերջին շրջանում հաջողվում բանակցություններ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ եթե հաջողվում է, ապա արդյունքը, թերեւս, այն է, որ կողմերը համաձայնվում են շարունակել հանդիպումները:

Ամենակարեւորն այն է, որ փարիզյան հանդիպումը բացահայտեց մեկ նորություն: Անակնկալ չէ, որ անակնկալ չկա: Ակնհայտ է, որ հիմնական խոչընդոտը Ադրբեջանն է, եւ դրա պատճառն ամենեւին այն չէ, որ մենք ցանկանում ենք քննադատել Ադրբեջանին կամ դրսեւորել հայամետ դիրքորոշում: Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունը ոչ ռազմավարություն է եւ ոչ էլ դիվանագիտական է: Ադրբեջանի դիրքորոշումը մաքսիմալիստական մոտեցում է, եւ նրանց դիրքորոշումը բանակցային գործընթացում հետեւյալն է` պահանջել ամեն ինչ եւ ավելին: Բայց միաժամանակ կարեւոր է, որ այդ հանդիպումները շարունակվում են: Դժբախտաբար, Հայաստանը խաղաղության գործընկեր չունի: Սակայն Փարիզի հանդիպումը, եթե առաջ անցնենք հայ-ադրբեջանական հանդիպումից, մեկ այլ կարեւորություն ուներ` դա ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից քայլ էր՝ պաշտպանելու իրենք իրենց եւ հանդես գալու պուտինյան միակողմանի հանդիպումների դեմ»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Մեր դիտարկմանը, որ մշտապես մեր հասարակությանը մատուցվում է, որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, Ղարաբաղում հարաբերական խաղաղության գրավականը, եւ գոնե Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության որոշումը իշխող հանրապետականներն էին այդպես պատճառաբանում, հետեւաբար Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենի այն դիրքորոշումը, թե Հայաստանը խաղաղության գործընկեր չունի, արդյոք չի՞ վերաբերում նաեւ Ռուսաստանին:

Ռիչարդ Կիրակոսյանը չհամաձայնեց մեզ հետ` պարզաբանելով. «Ոչ, ուղղակիորեն գոյություն չունի չլուծված հակամարտություն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Ասելով` Հայաստանը չունի խաղաղության գործընկեր, ես նկատի ունեմ նախեւառաջ խաղաղության գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Սակայն գալով ձեր դիտարկմանը՝ նշեմ, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց երկար տարիներ է, որ նա ոչ ռազմավարական է, ոչ էլ գործընկեր Հայաստանի համար»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031