Չգիտես ինչու, Սոչիում հավաքված Վալդայի միջազգային բանավիճային ակումբում պարոն Պուտինի ելույթը էլ ավելի հարստացրեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հակառակորդների փաստարկների՝ առանց այդ էլ հարուստ զինանոցը: Բացի այն, որ նոր սառը պատերազմում, ուր բնականաբար մեզ էլ են պատրաստվում ներքաշել, ջերմաստիճանի հերթական անկում արձանագրվեց, ի ցույց դրվեց նաեւ Յուպիտերի հետ մրցակցության ելած ռուսական արջի լիակատար ոչ ադեկվատությունը իրականությանը:
Դժվար է համարժեք համարել նաեւ հայրենի իշխանության ու չիշխանության պահվածքը: Առաջինները ոչ ցնծում են, ըստ իրենց, ճիշտ եւ զարգացում խոստացող միությանը անդամակցելու հեռանկարից, ոչ էլ արած կոպիտ սխալի գիտակցման նշաններ անում: Վեջները չի: Հակառակ դրան՝ ոչ իշխանականներն են թեւերը քշտած պաշտպանում ու գովերգում իշխանության ոչուփուչ քաղաքականությունը:
Սկսում եմ մտածել, որ Եվրասիական միությանը միանալու գործընթացի անշրջելիության մասին համառորեն կրկնվող պնդումները, հարձակումները այս կամ այն կերպ դրա դեմ բողոքողների կամ պայքարողների վրա, բացի Կրեմլին հավատարմություն հայտնելուց ու սեփական համակիրների հիասթափությունը մեղմելու խնդրից, մեկ այլ թաքուն նպատակ էլ են հետապնդում՝ շեղել հասարակության ուշադրությունը այն հանգամանքից, որ նույնիսկ հիմա, երկրի ինքնակոչ նախագահի ստորագրելուց հետո, պայմանագիրը դեռ ուժի մեջ չէ:
Չէ՞ որ դեռ, ճիշտ է՝ գրպանային, բայց Սահմանադրական դատարանով պետք է անցնի պայմանագիրը, եւ հին ու նոր սահմանադրությունների գիտակ պարոն Հարությունյանը մեծ ջանքեր ու բառանյութ դեռ պետք է վատնի երկրի Սահմանադրությանը ակնհայտորեն հակասող պայմանագիրը չհակասող հայտարարելու համար:
Կարդացեք նաև
Չէ՞ որ դրանից հետո, ճիշտ է՝ գրպանային, բայց խորհրդարան պետք է մտնի պայմանագիրը, որտեղ գոնե 2-3 պատգամավոր ունենք, ովքեր ի վիճակի են ամբիոնն օգտագործելով՝ հասարակությանը ներկայացնել այդ քայլի ողբերգական ու հանցավոր ապուշության աստիճանը:
Դուք, իհարկե, կարող եք ասել, որ միամտություն է հույս դնելը թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ Ազգային ժողովի վրա: Համամիտ եմ: Նույնիսկ եթե հաջողվի նշածս երկու մարմիններում հարցի քննարկման առթիվ համախմբել այդ տխմար միությանը միանալուն դեմ արտահայտվող բոլոր քաղաքական եւ քաղաքացիական միավորներին, նույնիսկ եթե այդ միավորմանը հաջողվի հազարավոր քաղաքացիների ներգրավել պայմանագրի դեմ բողոքի ցույցերին, միեւնույն է՝ «ազգընտիր» կոճակ սեղմիչներն իրենց սեւ գործն անելու են եւ հաստատելու են պայմանագիրը:
Բայց եկեք տեսնենք, թե ինչ կունենանք արդյունքում:
Արդյունքում իր ողջ նենգությամբ ի ցույց կդրվի իշխանական-չիշխանականների ազգադավ դաշինքի էությունը:
Արդյունքում կունենանք Հայաստանի անկախությունը բացարձակ արժեք համարող ուժերի, պայքարի որոշակի փորձ ձեռք բերած համախմբում:
Արդյունքում կունենանք կատարված քայլի ողջ ստորությունը ընկալած հասարակություն:
Արդյոք այդ ձեռքբերումները չե՞ն, որ կստեղծեն անշրջելին վաղ թե ուշ շրջելու եւ երկրի ինքնիշխանությունը վերականգնելու համար կայուն հիմք:
Հայաստանի առաջընթացի դեմն առնող այս պայմանագրին դեմ են խորհրդարանում կուսակցության անդամ պատգամավորներ ունեցող «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», «Քաղաքացիական պայմանագիրը»: Կարծում եմ՝ այս հարցում նրանց սիրով կդաշնակցեն «Հանրապետությունը», «Նախախորհրդարանը», ԱԻՄ-ը, «Հայազնը» եւ մի շարք այլ կուսակցություններ ու քաղաքացիական միավորումներ: Չեմ կասկածում, որ քաղաքական ու հասարակական ուժերի նման լայն կոնֆեդերացիայում միավորման դեպքում կունենանք նաեւ իրական մտավորականության աջակցությունը:
Մնում է տեսնենք, թե որ ուժը եւ երբ կնախաձեռնի միավորումը: Ժամանակը չի սպասում: Պայմանագիրն արդեն իսկ ուղարկվել է Սահմանադրական դատարան, իսկ խորհրդարանում նախապատրաստվում են արտահերթ նիստ անել նոյեմբերի 17-ին:
ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.10.2014
Ավելի մաքուր, գրական հայերենով գրեք, կապ չունի (կապ ունի) գրողն ով է` ավելի ազդեցիկ կլինի: