Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների փոխարեն՝ բազմազավակ ընտանիքի մայրը հույսը Աստծո վրա է դրել

Հոկտեմբեր 30,2014 15:00

12 երեխան մեծանում են, զուգահեռ էլ՝ ընտանիքի խնդիրները

Խաչատրյանների բազմազավակ ընտանիքն ապրում է «Հույսի ավան» թաղամասում: Այս ընտանիքի մայրը՝ 47-ամյա Անգին Խաչատրյանը, 12 երեխա է լույս աշխարհ բերել, որոնցից 2-ը առողջական խնդիրների պատճառով մահացել են:

«Երբ լսում են, որ 12 երեխա ունեմ, զարմանում են, երբեմն էլ արտահայտվում՝ ինչո՞ւ եք այդքան երեխա ունեցել: Բայց ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ երեխաները Աստծուց տված պարգեւներ են: Ճիշտ է, մենք շատ նեղություն ենք տեսել, բայց երջանիկ ենք, որ ունենք իրար, որ միասին ենք»,- ասում է բազմազավակ ընտանիքի մայրը: Տիկին Անգինը ամուսնու հետ ծանոթացել է աշխատանքի բերումով: Ինչպես ամուսիններն են ասում, իրենց երկուսին միավորել է մեծ ընտանիք ունենալու ցանկությունը: Սակայն ամուսինները հեշտ կյանքով չեն ապրել, շատ դժվարություններ ու դժբախտություններ են տեսել: Տարիներ առաջ մեծ աղջկա գլխի վիրահատության ծախսերը հոգալու համար ընտանիքը ստիպված է եղել վաճառել Նորքի 2-րդ զանգվածում գտնվող բնակարանը՝ տեղավորվելով բնակելի շենքի առաջին հարկում գտնվող ռեստորանի տարածքում: 2003 թվականին ռեստորանի տիրոջ խորհրդով ընտանիքի հայրը՝ Վաչագանը, դիմել է քաղաքապետարան, որպեսզի բարեգործական կազմակերպությունն իրենց աջակցի բնակարանի հարցում: 2004-ին կազմակերպությունը Վաչագանի դիմում-խնդրանքին ի պատասխան՝ ընտանիքին ապահովել է «Հույսի ավանում»՝ 3 սենյականոց բնակարանով. «Շատ դժվար էր, ոչ մի հարմարություն չկար, սոցիալական պայմանների մասին էլ խոսք անգամ լինել չէր կարող:

Սա մեզ համար փրկություն էր, քանի որ այլեւս հնարավոր չէր ապրել ռեստորանում: Արդեն հարմարվել ենք, երեխաներն էլ էստեղ իրենց լավ են զգում: Մի քիչ փող ունենք հավաքած, ուզում ենք տունը կարգի բերել, տեսնենք՝ ոնց կստացվի»,- «Առավոտի» հետ զրույցում իրենց ապագա ծրագրերի մասին պատմում է տիկին Անգինը: 12 երեխաներից 6-ը դպրոցական են: Մեծերը սոցիալական պայմանների պատճառով դպրոցն ավարտելուց հետո հնարավորություն չեն ունեցել ուսումը շարունակելու, իսկ փոքրերը, տիկին Անգինի խոսքերով, դպրոցում բավական լավ են սովորում: Մեր այցելության ժամանակ տանն էին բոլոր երեխաները: Նրանք միմյանց ընդհատելով, հերթ չտալով՝ պատմում էին իրենց երազանքների, նախասիրությունների մասին: Պարույրը երազում է սպորտսմեն դառնալ, Աննան՝ պարուհի, իսկ 7-ամյա Լիլիթը հեծանիվ ունենալու մասին է երազում: Տիկին Անգինը խոստովանում է՝ որքան էլ բարդ է մեծացնել 12 երեխայի, նույնքան էլ հետաքրքիր է եւ պատասխանատու: Մայրն ասում է, որ երբեմն շփոթում է երեխաների անունները, Գայանեին՝ Մարիամ, Մարիամին՝ Հռիփսիմե է անվանում, բայց երեխաները չեն նեղանում, երբեմն իրենք էլ միմյանց անուններով են հանդես գալիս:

12 երեխա ունենալը հեշտ գործ չէ՝ վկայում են ծնողները. «Բնական է՝ վիճում էլ են, բայց ես էլ, ամուսինս էլ աշխատում ենք չմիջամտել: Ասում ենք՝ երեխա են, կկռվեն էլ՝ կբարիշեն էլ: Չնայած մի անգամ հեռուստացույցի համար վեճը հասավ ծեծկռտուքի: Ամուսինս խառնվեց, արդյունքում՝ «մեղավորները» երկու օր զրկվեցին հեռուստացույց դիտելու հնարավորությունից»: Երեխաների մեծանալուն զուգահեռ՝ այս ընտանիքում մեծանում են նաեւ խնդիրները, բայց եկամուտը մնում է անփոփոխ՝ 32 հազար դրամ թոշակն ու 56 հազար դրամ նպաստը: Ամուսինները չեն աշխատում: Ընտանիքի հայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, իսկ տիկին Անգինը վերջերս է վիրահատվել:
«Դժվարություններ շատ կան, բայց դե, չենք բողոքում, լավից-վատից ապրում ենք՝ հույսներս Աստծո վրա դրած»,- ասում է ընտանիքի մայրը:

ՊԵՐՃՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՊԱԿ says:

    Անաստված,անհավատ ղեկավար մարդկանց համար աստծո տված պարգևներ գոյություն չունեն:Նրանց մտածելակերպով աստծոց պետք է ակնկալել միայն շատ փողի,դիրքի,անվան մեծարման,ցոփ ու շվայտ կյանքով ապրելու պարգև, մնացածը հիմարություն է:Այլաստված ղեկավարները չէն կարող օգնել ազգային աստվածների կողմից ծնունդ տված մարդկանց:Զգուշացիր` դիմացդ խաչագող է պաշտոնին նստած:Խոսք` կարդացողին:Հասկացողին մեկ,չհասկացողին`հազար ու մեկ ասա,մեկ է……….:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031