ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«Էբոլա» քնքուշ, աղջկական անուն կրող մահաբեր տենդի՝ Աֆրիկայից այլ մայրցամաքներ փոխանցվելու չարաղետ հեռանկարը մարդկության համար վերածվել է նորօրյա սպառնալիքի, որի դեմ անզոր է առողջապահության համաշխարհային համակարգը: Մարդու արյունատար համակարգը խժռող այս վարակը Եվրոպայի համար աստիճանաբար վերածվում է քաղաքական խնդրի՝ աֆրիկյան մայրցամաքից եւ արաբական աշխարհից ներգաղթյալների անդադրում հոսքը կարգավորելու-վերահսկելու-կասեցնելու հեռանկարով: Էբոլան քաղաքականացվելու բոլոր հիմքերն ունի. ներգաղթի քաղաքականությունը Եվրոպայի համար պատուհասի է վերածվում, եւ ինչպես նրա քաղաքական պատմության ճակատագրական փուլերն են վկայում, Եվրոպան դանդաղաշարժ է քաղաքական որոշումներ ընդունելիս եւ իրականացնելիս: Հենց դա էլ Եվրոպային խոցելի է դարձրել եվրոպական քաղաքակրթությանը հակադրվող աշխարհի համար:
Ֆիզիկական էբոլան ծնում է իր նմանակին՝ քաղաքական էբոլային: Քաղաքական էբոլան նորահայտ վարակ չէ. դրա մահաշունչ հարուցիչների ոչ անհայտ տեսակները փոխանցվել են նաեւ Ռուսաստանից՝ նրա քաղաքական պատմության տարբեր ժամանակահատվածում: Այդ երկրից փոխանցվող քաղաքական էբոլան այժմ սպառնալիքի է վերածվում թե Եվրոպայի, թե նախկին խորհրդային տարածքի հանրապետությունների համար:
Եթե ֆիզիկական էբոլայի համար աշխարհում գոյություն չունեն կամավոր վարակակիրներ, ապա քաղաքական էբոլայով վարակվում են նաեւ ինքնակամ: Ռուսաստանից եկող քաղաքական էբոլան քայքայում է ազատության, անկախության, ինքնիշխանության համակարգերը՝ անհատի, խմբերի, հասարակական շերտերի, քաղաքական առաջնորդների, կուսակցությունների, ի վերջո՝ պետության:
Քաղաքական այս էբոլայի հարուցիչն այժմ վարակել է Հայաստանի հասարակական-քաղաքական-տնտեսական-պետական կյանքը՝ արագորեն վերածվելով համաճարակի, որը քայքայում է մեր երկրի դիմադրողականությունը՝ խժռելու Հայաստանի ազատության, անկախության, ինքնիշխանության համակարգերը, պետությունն ամբողջությամբ՝ ընդհուպ սպառնալով հայկական գենին: Հայկական գենը քաղաքական այս մահաբեր հարուցիչից զերծ պահելու եւ այն փրկելու ճանապարհը մեկն է՝ նոր արյուն մղել դեպի հայկական օրգանիզմ:
Կարդացեք նաև
1.
Հեռացնե՛լ Սերժ Սարգսյանին
2013թ. սեպտեմբերի 3-ից մինչեւ 2014թ. հոկտեմբերի 10-ը ընկած 13 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքական օրգանիզմը, Երեւանի եւ Մոսկվայի ինքնամոռաց ջանքերով, պատրաստվում էր նոր քաղաքական ներարկման. Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում էր անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵՏՄ-ին: 2013թ. սեպտեմբերի 3-ին՝ Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությանը հաջորդեց դեկտեմբերի 2-ին Վլ. Պուտինի պետական այցը Հայաստան եւ 12 ստորացուցիչ պայմանագրերի ստորագրումը: 2014թ. հունվարին Պրահայում Չեխիայի հայ համայնքի հետ փակ հանդիպման ընթացքում, ի պատասխան հարցադրման, ըստ որի՝ «Դրսում ապրող հայերի մեծ մասը դեմ է Մաքսային միությանը Հայաստանի միանալուն։ Ինչո՞ւ չհարցրեցիք համայն հայության կարծիքը որոշում ընդունելիս։ Հանրաքվե անցկացնեիք», Սերժ Սարգսյանը նետեց. «Հետաքրքիր մարդ եք, եկել եք էստեղ, ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք, Հայաստանում ապրողները թող լուծեն այդ հարցերը, դուք կապ չունեք այդ հարցերի հետ։ Նրանք պիտի որոշեն՝ Հայաստանը Մաքսային միությունում պիտի լինի, թե ոչ։ Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել» : Եվ թեպետ պրահյան այդ հանդիպման մանրամասները հրապարակվեցին միայն սեպտեմբերին, սակայն դա չխանգարեց, որ այն դառնա շաբաթվա քաղաքական հիթը, մանավանդ որ Հայաստանում ոչ ոք չհիշեց, որ ՄՄ-ին անդամակցելու որոշում ընդունելիս Սարգսյանը հարցրած լիներ հայաստանցիների կարծիքը: Պրահյան հանդիպման հանրայնացումից հետո ի չիք դարձան պաշտոնական Երեւանի այն պնդումները, թե ՄՄ-ին անդամակցության որոշումը մեկ գիշերում չի ընդունվել:
2014թ. հոկտեմբերի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին: Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ, նույն պահից ԵՏՄ մարմինների ակտերը ենթակա են կիրառման ՀՀ տարածքում: Սահմանվում է նաեւ այն 29 պայմանագրերի ցանկը, որոնց միանալու է Հայաստանը:
ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը ընկալվում էր իբրեւ ռուսական պարտադրանք, սպառնալիք: Այս տեսակետն ամրացվում էր երկու իրողություններով. 1. ՄՄ-ին միանալու՝ Ս. Սարգսյանի մեկ գիշերում ընդունած որոշմամբ: 2. Արեւելյան գործընկերության եւ ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ Սարգսյանի եւ նրա քաղաքական թիմի՝ քառամյա բանակցություններով: Թե Հայաստանում, թե արտերկրում քչերն էին կասկածում Պուտինի պարտադրանք-սպառնալիքներին: Այս հանգամանքը Սարգսյանի համար գտնված հնարավորություն էր Արեւմուտքի մոտ իր վտանգահարույց քաղաքական ուղեգիծն արդարացնելիս: Եվրոպան հավատում էր նմանօրինակ արդարացումներին. այդպես ձեռնտու էր երկու կողմերին էլ: Սակայն երեւանյան այցի ընթացում Պուտինն ընդգծեց հայկական կողմի ջանքերը՝ միանալու ԵՏՄ-ին. «Չեմ թաքցնի՝ ի զարմանս մեզ, հայկական կողմը գործում է շատ եռանդուն եւ ցույց է տալիս պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ, ինչը, անկեղծ ասած, մեզ դնում է որոշակի ծանր դրության մեջ: Մենք նույնիսկ չենք հասցնում մեր հայ գործընկերների հետեւից: Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի անդամակցությունը հնարավորինս արագ լինի»:
Այս հայտարարությունից ամիսներ անց՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին, Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը ստորագրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:
Դեռեւս Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում եւ նրա իսկ քաղաքական թիմում Սերժ Սարգսյանն ընդգծված ռուսական ազդեցության եւ ռուսական ծրագրերին հետամուտ քաղաքական գործչի համարում ուներ, եւ արդեն հետագայում Եվրամիության հետ նրա համագործակցության ձգտումները շփոթեցրել էին նրա դյուրահավատ քաղաքական ընդդիմախոսներին: Սարգսյանի քաղաքական ուղեգծի հանդեպ հոռետեսորեն եւ լավատեսորեն տրամադրվածները համակարծիք էին մի հարցում՝ Սարգսյանը մանիպուլյացիայի է ենթարկում եւ Ռուսաստանին, եւ Եվրոպային: Սակայն ձախավեր քաղաքականության դառնահամ պտուղները բաժին են ընկնում իրատեսներին, որոնք վստահ էին, որ Սերժ Սարգսյանը ռուսական քաղաքական ազդեցությունից երբեք չի կարող դուրս գալ՝ այնտեղ խորապես ներքաշված լինելու պատճառով:
Հայաստանը ղեկավարող ղարաբաղյան ծագման գործիչները պետության տնտեսական եւ քաղաքական ինքնիշխանության հանձնման ծանր բանալիները ձուլել էին անձամբ՝ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանի գործուն մասնակցությամբ, Ռուսաստանին հանձնելով Հայաստանի տնտեսական հզորությունները, իսկ արդեն Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում՝ ՀՀ ռազմաքաղաքական ինքնիշխանությունը: Բացի այդ, Երեւանի գործուն աջակցությամբ Ռուսաստանն էին տեղափոխվում նաեւ Հայաստանի մարդկային ռեսուրսները: Պուտինի կառավարման ժամանակահատվածում Հայաստանի երբեմնի ռազմավարական դաշնակցից Ռուսաստանը վերածվում էր Հայաստանի ինքնիշխանության քաղաքական դահճի, թեպետ խորհրդային հայտնի անեկդոտի նման՝ կախաղանի պարանը Երեւանն էր բերել: Հայ քաղաքական առաջնորդների նման վարքագիծը, եթե քաղաքական բախտախնդրություն լիներ, ապա այն կարելի էր փոխել, սակայն այդ վարքագիծը հետեւանք էր սառնասիրտ, կոշտ քաղաքական հաշվարկի՝ պահպանել սեփական քաղաքական իշխանությունը Հայաստանում:
Չարաբաստիկ 13 ամիսների ընթացքում ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությանը դեմ հանդես եկող անհատներն ու հասարակական-քաղաքական միավորումներն այդպես էլ հակազդեցության-դիմադրության, միավորման-համախմբման արդյունավետ եւ գործուն քայլեր չձեռնարկեցին: Այս հանգամանքն ավելի էր ոգեշնչում Հայաստանը եվրասիականության տարածք մղողներին եւ դրանով ներշնչվողներին:
Այդ տխրահռչակ Միությանն անդամակցելու՝ քաղաքական ներարկումը կանխարգելելու՝ Հայաստանի կենսանյութերը քամվում էին ահագնացող արտագաղթի, համակարգային կոռուպցիայի, մշտատեւ սոցիալական կեղեքման, խորացող հասարակական վհատության հետեւանքով: Հին ու նոր քաղաքական էբոլայի մահաբեր հարուցիչը Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության համար մահաբեր սպառնալիքի էր վերածվել:
Քաղաքական այս ներարկումը կանխելու առայժմ միակ հնարավոր, սթափ ու ողջամիտ քայլը մեկն է՝ հեռացնել Սերժ Սարգսյանին Հայաստանի քաղաքական ղեկավարումից: Նույնիսկ հիմա, երբ քաղաքական իշխանության գալու նոր հայտ է ներկայացնում Եվրասիական տնտեսական միության նրա անխոնջ գաղափարակիցը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
2.
Հեռացնե՛լ
Լեւոն Տեր-Պետրոսյանին
Հոկտեմբերի 10-ի երեկոյան, ԵՏՄ անդակցության պայմանագրի ստորագրումից մի քանի ժամ անց, Երեւանի «Ազատության» հրապարակում ծփացող բազմահազարանոց հանրահավաքը բացվեց «Մեր հանրահավաքն ուղղված չէ ոչ Ռուսաստանի, ոչ Արեւմուտքի դեմ» հայտարարությամբ: Քաղաքական տեխնոլոգիաների առումով խոցելի եւ անտեղի այդ հայտարարությունը քաղաքական ուղերձ-հավաստիացում էր Մոսկվային: Արեւմուտքին հիշատակելը հավուր պատշաճի խոսք էր. նախկին խորհրդային հանրապետություններում ոչ ոք Արեւմուտքի դեմ ուղղված հանրահավաք չի արել, ընդհակառակը, այդ հանրահավաքները եղել են տվյալ երկրի՝ արեւմտյան ուղղությամբ ընթանալու արգելքների դեմ:
Երեւանյան հրապարակում հավաքվածների մեծ մասին Եվրասիականության եւ Եվրամիության այլընտրանքը չէր հետաքրքրում. նրանք եկել էին իշխանությունից հեռացնելու Սերժ Սարգսյանին, թեպետ ակնհայտ էր, որ հարթակում կանգնած բոլոր քաղաքական առաջնորդներին անխտիր այդ հնարավորությունը, տարբեր ժամանակներում, ընձեռվել էր, սակայն նրանցից եւ ոչ ոք չէր իրականացրել իշխանափոխության խոստումները: Հոկտեմբերի 10-ին՝ Հայաստանի Հանրապետության համար ճակատագրական այդ օրը, այն հրապարակում, որտեղ ծնվել էին Հայաստանի անկախությունը եւ ազատությունը, այդ նույն անկախության եւ ազատության հանձնումը Ռուսաստանին հռչակվեց որպես «անշրջելի փաստ», որի հետ չհամակերպվողները որակվեցին որպես «ջղաձգվողներ, մարդկանց միտքը պղտորողներ»:
Արդեն հոկտեմբերի 24-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեմնի «Թատերական» հրապարակում հայտարարեց. «Չափազանցված են եւ իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում նաեւ Եվրասիական միությանն անդամագրվելու հետեւանքով Հայաստանի ինքնիշխանության (սուվերենության) կորստի մասին խոսակցությունները։ …եթե անգամ Եվրասիական միության փոխարեն Հայաստանը ստորագրեր Եվրաասոցացման պայմանագիրը կամ նույնիսկ միանար Եվրամիությանը, միեւնույն է, զրկվելու էր իր ինքնիշխանության որոշ մասից, գուցե ավելի, քան Եվրասիականի պարագայում: Եվրասիական միությունում Հայաստանն այնքան ինքնիշխան է լինելու, որքան Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը»: Այնպիսի տպավորություն էր, կարծես Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական ուղեգիծը պաշտպանում էր նրա իսկ ընդդիմախոսներից։
Վկայակոչելով սեփական «քաղաքական ռեալիզմի» մասին «կայուն համոզմունքը»՝ Տեր-Պետրոսյանը գիտակցաբար անտեսում էր այն փաստը, որ Երեւանի ընտրությունը Եվրասիականության եւ Եվրամիության միջեւ քաղաքական եւ քաղաքակրթական ընտրություն է: Հայաստանը ընտրել էր քաոսային, կոռումպացված, ավտորիտար Ռուսաստանին եւ հետադեմ քաղաքական համակարգում գտնվող Ղազախստանին, Ղրղըզստանին, Բելառուսին՝ որպես անհավասար եւ անհուսալի գործընկերներ: «Քաղաքական կուրությունը եւ արկածախնդրությունը» մերժող Տեր-Պետրոսյանն իրականում պարտվողական տրամադրություններ էր սերմանում. նման քաղաքական վարքագիծը նրան չի լքում արդեն քանի տարի:
Սակայն Երեւանի քաղաքական հրապարակում չգտնվեց ոչ մի քաջասիրտ մարդ, որ Տեր-Պետրոսյանին նման հայտարարություններից հետո իջեցներ «Ազատության» հրապարակի հարթակից: Հեռացնե՛լ Տեր-Պետրոսյանին քաղաքականության հարթակից. սա այժմ նույնքան կարեւոր է, որքան Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը:
Հայաստանում Ռուսաստանից ներթափանցված քաղաքական էբոլայով վարակվում են նաեւ ինքնակամ: Սահմռկեցուցիչն այն է, որ ստրկամտության եւ հնազանդության քաղաքական էբոլայի հարուցիչը ներարկում են Հայաստանի տանջահար մարմնի մեջ:
Հայաստանի՝ անգամ խեղճուկրակ անկախությունը հայկական հինավուրց, իրականում թանկարժեք, սակայն գործնականում անարժեք գորգի պես այժմ փռվել է Եվրասիական միության հատակին՝ ի նշան հպատակության առ Ռուսաստան: Հայ-ռուսական երկդարյա հարաբերություններում ռուսական կողմը գրեթե միշտ անմնացորդ հպատակություն է պահանջել: Ի՜նչ փույթ, թե այդ հպատակության գինը վճարել է ոչ միայն օրվա, այլեւ ապագայի Հայաստանը:
«Առավոտ» օրաթերթ
29.10.2014