Բելառուսի բռնցքամարտի ազգային հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Օգտվելով առիթից` Հայաստանի ազգային հավաքականի բռնցքամարտիկները նրանց հետ մարզումային մենամարտեր են անցկացնում:
Երեկ «Դինամոյում» հավաքականները հանդիպեցին երկրորդ անգամ: Ի՞նչ են տալիս ռինգում այդ հանդիպումները երկու երկրների լավագույն բռնցքամարտիկներին: «Առավոտը» զրուցել է հավաքականների գլխավոր մարզիչների հետ:
Դավիթ Թորոսյան, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: «Սա շատ կարեւոր է թե մեր, թե բելառուսների համար: Քանի որ Բելառուսի հավաքականն այստեղ` Հայաստանում է, ես եւ նրանց հավաքականի գլխավոր մարզիչը պայմանավորվեցինք տղաների միջեւ մարզումային մենամարտեր կազմակերպել: Սա արդեն երկրորդ ընկերական հանդիպումն է: Կոնկրետ մեր տղաների մասին կարող եմ ասել, որ առաջին հանդիպումը մի փոքր բարդ էր, ռինգում տղաները մի քիչ դժվար էին «հասկանում» մրցակիցներին` այնուամենայնիվ, տարբեր դպրոցներ, տարբեր ձեռագրեր են: Այսօր միկրոմենամարտը մեզ համար ավելի լավ անցավ: Չէի ասի, թե մենք բացահայտ առավելություն ունեինք, բայց որոշակի առավելությունը բավականին նկատելի էր: Կարծում եմ՝ իրենք մեզանից որոշ բաներ սովորեցին, մենք էլ նրանցից սովորելու բան ունենք: Փոխայցելությունները եւ համագործակցությունը կշարունակվի: Բելառուսներն արդեն մեզ առաջարկել են իրենց մոտ` Ստայկիի մարզաբազայում, համատեղ ուսումնամարզական հավաքներ կազմակերպել, որից հետո նրանք հունվարին մտադիր են կրկին գալ Ծաղկաձոր»:
Կարդացեք նաև
Կոնստանտին Սոկոլով, Բելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: «Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում ու գիտեմ Ծաղկաձորի մարզաբազան, որտեղ այն տարիներին ԽՍՀՄ հավաքականը նախապատրաստվում էր կարեւորագույն մրցումներին եւ բարձր արդյունքներ ցույց տալիս միջազգային ասպարեզներում: Այս բազան փորձարկված է, հետեւաբար, ինչի՞ մենք էլ չգնանք մեր նախորդների փորձված ճանապարհով: Առավել եւս, որ հայերը մեզ ջերմ են ընդունում: Մենք, ինչպես եւ ձեր երկրի հավաքականը, նախապատրաստվում ենք եկող տարվա աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, որոնցում օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու, վարկանիշային մյուս մրցումներին:
Դրան նախորդելու է Բելառուսի առաջնությունը, որտեղ որոշվելու է մեր ազգային հավաքականի հիմնական կորիզը: Իսկ ինչ վերաբերում է այս մարզումային մենամարտերին, դրանք երկուսիս էլ օգտակար են: Հայաստանի հավաքականի տղաները, վստահաբար եմ ասում, բնավորություն ունեցող, տեխնիկապես լավ պատրաստված բռնցքամարտիկներ են: Ընդհանուր մակարդակով մենք գրեթե մեկ հարթության վրա ենք գտնվում, դրա համար էլ մեզ հետաքրքիր է ձերոնց հետ աշխատել: Ձեր թիմը տեսել եմ երեք տարի առաջ` աշխարհի առաջնությունում: Ներկայումս ինչպես մեր, այնպես էլ ձեր հավաքականում մարզչական կազմի փոփոխություն է կատարվել: Ես ու Դավիթ Թորոսյանն ազգային հավաքականների ղեկը ստանձնել ենք գրեթե միաժամանակ` այս տարվա հունվար ամսին: Հետաքրքիր կլինի համեմատել մեր երկու հավաքականների առաջընթացը, ասենք, մեկ տարի հետո, պատասխանատու մրցումներին մասնակցելուց հետո»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.10.2014