Այս կարծիքին է «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը
«Առավոտը» «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեց՝ արդյոք մենք հավուր պատշաճի պատրաստվո՞ւմ ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, երբ թուրքերն արդեն աշխատանքներ են տանում այս ուղղությամբ՝ դեսպանատների միջոցով, բացի այդ, ինչպե՞ս է նա մեկնաբանում հայազգի հասարակական գործչին Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելը:
«Հարցադրման մեջ կա մեկ հիմնական սխալ, դուք ասացիք մենք՝ հաշվի առնելով մեծատառերով գրված մենքը՝ ինչպես որ Դեմիրճյանի օրոք էր: Իրականում մենք կորցրեցինք այն «մենքը», որը կար, եւ որը ստեղծեցինք 1988 թվականին, եւ որը մեզ օգնեց հաղթել 1994 թվականին: Դրանից հետո, մեր երկրում փոփոխվող իշխանությունները զբաղված են հիմնականում այդ «մենքը» ջախջախելով, արժեզրկելով, փոշիացնելով, ուստի պետք է նշել, որ մենք չենք կարող պատրաստ լինել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, քանի որ առաջինը՝ մենք կորցրել ենք մեր մեծ «մենքը», երկրորդը՝ մեզ տասնամյակներով ղեկավարում են մարդիկ՝ իրականացնելով երկրորդ ցեղասպանություն:
Եվ ոչ մի տարբերություն այլեւս չկա, ու այդ վերջին նշանակումը՝ հայ հասարակական գործչի, որպես Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, միայն ընդգծում է այդ զավեշտը: Պարզվում է, որ կարելի է հայ լինելով, հայկական ազգանունը կրելով, հայերեն խոսելով՝ ցեղասպանություն իրականացնել, նույնը նաեւ այն մարդիկ են տասնամյակներ շարունակ ապացուցում, որոնք գլխավորում են Հայաստանը, կրկին իրականացնելով ցեղասպանություն»,- ասաց Տիգրան Խզմալյանը: Նրա ձեւակերպմամբ, մոտ 100 տարի առաջ թուրքերի կողմից իրականացրած ցեղասպանության ու ներկայում իրականացվող ցեղասպանության արդյունքները շատ բանով չեն տարբերվում իրարից: «Ազգի կեսը արտագաղթել է, բռնագաղթել է, տնտեսությունը տապալված է, մարդիկ հուսահատված են, եւ եթե դա ցեղասպանություն չէ, ապա որպես նոր բնորոշում՝ ես կառաջարկեմ պետության սպանություն բառը: Նրանք երկրասպան են, պետասպան: Չեմ ուզում վարժանքներ կատարել անվանումներով, բայց արդյունքը դա է: Եվ մինչեւ մենք չվերադարձնենք երկրի իշխանությունը ժողովրդին, այսինքն՝ չվերականգնենք կամ չհիմնենք ժողովրդավարություն, այդ ցեղասպանությունը շարունակվելու է»,- համոզված է Խզմալյանը:
Կարդացեք նաև
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.10.2014