Ադրինեն մանկուց շյուղագործությամբ է զբաղվում: Այսօր նա իր ընկերուհիների հետ մանկական գլխարկ է գործում: Էպիլեպսիա հիվանդությունը չի խանգարում նրան անթերի կատարել ուսուցչի հանձնարարությունը:
«Առաքելություն-Հայաստան» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Հրազդան քաղաքում հոկտեմբերի 15-ից գործում է հաշմանդամների համար նախատեսված ձեռագործության խմբակ, որտեղ ուսանում են 9 աշակերտ: Ուսուցչուհու խոսքով՝ բոլորը ոգևորված հաճախում են դասերին, թեպետ ասեղնագործությունից թերանում են:
Մեկ այլ՝ վարսավիրական խմբակում սովորում է 22-ամյա Գևորգը: Աջակողմյան պարեզը շատ է խանգարում աշխատելիս, սակայն նախընտրում է որևէ պիտանի գործով զբաղվել, քան «թաղի ջահելների հետ» փողոցներում թափառել:
Կարդացեք նաև
Տնօրեն Վարդան Մամիկոնյանի հաղորդմամբ՝ շուտով կբացվի նաև համակարգչային սենյակը. արդեն ձեռք են բերվել գույքն ու համապատասխան տեխնիկան: Նրա խոսքով՝ Հրազդան քաղաքում, նախնական գնահատմամբ , կան աշխատանք փնտրող տասնյակից ավելի հաշմանդամներ:
Ուսուցումը տևելու է 3 ամիս, ինչին հաջորդելու է ավարտական քննությունը, տրվելու են վկայականներ: Այն հաշմանդամների համար, ովքեր ցանկանում են առևտրային գործունեություն ծավալել, ծրագրի շրջանակներում իրականացվելու է նաև բիզնես պլանի ուսուցում:
Այն հարցին, թե որքանո՞վ է հեռանկարային աշխատանք գտնելը մասնագիտություն ստանալուց հետո, պարոն Մամիկոնյանը պատասխանեց. «Գործատուն ցանկանում է իր թիմում ընդգրկել այնպիսի մարդու, ով արդյունավետ կաշխատի: Սակայն այսօր կան հաշմանդամներ, որոնք առողջ մարդկանց չեն զիջում»: Նա ուրախությամբ նշեց, որ երբեմնի կարծրատիպերը կոտրվել են, և հաշմանդամությունն այլևս պիտակ չէ:
Խոսելով անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամների ուսուցման և ճաշարանից օգտվելու հնարավորությունների մասին՝ տնօրենը տեղեկացրեց, որ թեքահարթակների կառուցմամբ խմբակային դասընթացները գարնանը հասանելի կլինեն բոլոր հաշմանդամների համար:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ