Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի կողմից նախաքննության ժամկետը չերկարացնելու կառուցակարգերը

Հոկտեմբեր 29,2014 21:54

Իրավաբան Վարազդատ Տեր-Գեւորգյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անդրադարձել է մի խնդրի`քրեական օրենսգրքի 197 հոդվածի 5-րդ և 6-րդ կետերին, համաձայն որի, նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա:

Քանի որ օրեր առաջ նման մի «վեճ» ծագեց ՀՀ գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի միջեւ, քրեական գործ հարուցելու հայտնի պատմության և ժամկետները խախտելու հետ կապված, եւ այն մասամբ, ասես առնչվում է ժամկետներին, ներկայացնում ենք իրավաբանի խոսքն ամբողջությամբ:

-Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ: Ձևավորված պրակտիկայի համաձայն՝ քրեական վարույթ իրականացնող քննիչը հսկողություն իրականացնող դատախազին ներկայացնում են ոչ թե նախաքննության ժամկետը երկարացնելու մասին որոշում, այլ նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդության մասին որոշում, իսկ հսկողություն իրականացնող դատախազը նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշման վրա ստորագրությամբ՝ պարզապես երկարացնում կամ չի երկարացնում նախաքննության ժամկետը:

Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ հսկողություն իրականացնող դատախազը, հիմք ընդունելով նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդության մասին որոշումը ներկայացնելու՝ օրենքով սահմանված եռօրյա ժամկետը խախտելու փաստը, պարզապես չի երկարացնում նախաքննության ժամկետը: Ընդհանուր կարգի համաձայն ցանկացած միջնորդություն, իրավասու մարմնի կողմից քննարկվելու արդյունքում կարող է մերժվել, սակայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն դատախազի կողմից նախաքննության ժամկետները երկարացնելու մասին միջնորդությունը մերժելու (նախաքննության ժամկետը չերկարացնելու) իրավական ռեժիմ, ինչպես նաև՝ այդ իրավիճակում քրեական գործի հետագա ընթացքը լուծելու ընթացակարգ:

Ուստի համակարգային մոտեցման դեպքում հասկանալի է, որ դատախազի կողմից նախաքննության ժամկետը չերկարացնելու իրավական գործիքի կիրառությունը չի տեղավորվում գործող քրեական արդարադատության տրամաբանության շրջանակներում:
Կարծում ենք, դատախազը, ստանալով նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն պարունակող քննիչի պատճառաբանված որոշումը, կարող է կայացնել հետևյալ որոշումներից որևէ մեկը: Առաջին, դատախազը, համաձայնվելով քննիչի դիրքորոշման հետ, կայացնում է առանձին որոշում՝ նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդությունը բավարարելու մասին: Երկրորդ, դատախազը, մասնակի համաձայնվելով քննիչի դիրքորոշման հետ, որոշում է կայացնում նախաքննության ժամկետը մասնակի երկարացնելու կամ նախաքննության ժամկետը՝ քննիչի պատճառաբանությունից տարբերվող պատճառաբանությամբ երկարացնելու մասին: Երրորդ, դատախազը չի համաձայնվում նախաքննության ժամկետը երկարացնելու քննիչի որոշման հետ և որոշում է կայացնում քրեական գործի վարույթը կարճելու մասին կամ նախաքննության ժամկետը երկարացնում է այնքանով, որքանով անհրաժեշտ է նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացություն կազմելու համար: Ի դեպ, Ուկրաինայի քրեական դատավարության նոր օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հսկողություն իրականացնող դատախազը մերժում է երկարացնել նախաքննության ժամկետները, ապա պարտավոր է 5 օրյա ժամկետում կայացնել հետևյալ որոշումներից որևէ մեկը՝ քրեական վարույթը դադարեցնելու մասին որոշում, կամ դիմել դատարան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու միջնորդությամբ, կամ դիմել դատարան՝ մեղադրական ակտով կամ բժշկական բնույթի կամ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու միջնորդությամբ:

Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին քննիչի որոշումը քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ ներկայացնելու պահանջը խախտելու դեպքում արդյո՞ք դատախազը կարող է նախաքննության ժամկետները լրացած լինելու պայմաններում երկարացնել նախաքննության ժամկետը: Իրավաբանների որոշակի խումբ գտնում է, որ նախաքննության ժամկետը լրանալուց հետո դատախազը իրավասու չէ երկարացնելու այն: Կարծում ենք, նման մոտեցումը վիճելի է: Բանն այն է, որ նախ պետք է պարզել, թե նախաքննության ժամկետը քրեական վարույթի ո՞ր սուբյեկտների համար է նախատեսում իրավասահմանափակող դրույթներ, այդ ժամկետը ու՞մ է հասցեագրված: Կարծում ենք պետք է տարբերակել նախաքննության և դատախազի հսկողական վարույթի համար նախատեսված դատավարական ժամկետները:

Նախաքննության ժամկետները բովանդակում են քննիչի կողմից քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու ժամանակային սահմանափակում, ուստի՝ քննիչը դատավարական գործողություններ կարող է կատարել բացառապես նախաքննության ժամկետների շրջանակներում: Նախաքննության ժամկետը լրանալու պայմաններում քննիչի կատարած գործողությունները իրավաչափ չեն: Նախաքննության ժամկետները հասցեագրված չեն հսկող դատախազին, ուստի նախաքննության ժամկետի լրացած լինելը ինքնին չի խոչընդոտում դատախազին կատարելու իր իրավասության մեջ մտնող դատավարական գործողություններ (օրինակի՝ որոշում կայացնել վարույթը կարճելու մասին), այդ թվում՝ նախաքննության ժամկետը երկարացնելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031