Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում «եղանա՞կ է փոխվել»

Հոկտեմբեր 29,2014 20:21

«Այդ մակարդակի հանդիպումն սկզբունքորեն գնահատելու համար, կարծում եմ, պետք է որոշակի ժամանակ անցնի: Այդուհանդերձ, արարողակարգի առումով փարիզյան հանդիպումը շահեկանորեն տարբերվեց այս տարվա նախորդ երկուսից»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով Փարիզում, Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումն, ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Մեր զրուցակիցը տպավորություն ունի, որ Փարիզում նախագահներ Սարգսյանը եւ Ալիեւը շփվել են ավելի կառուցողական տրամադրվածությամբ:

«Այս հանգամանքը, եթե տպավորությունը մոտ է իրականությանը, պետք է ինքնին առաջընթաց համարել: Նկատի ունեմ, որ, ի տարբերություն նախորդ երկուսի, այս գագաթաժողովի շրջանակներում կայացել է երկու նախագահների դեմ առ դեմ հանդիպում: Դրական ազդանշան է նաեւ այն, որ հայտարարվել է Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպման օրն ու վայրը: Ճիշտ է, դա չի նշանակում, թե մինչեւ 2015թվականի սեպտեմբեր այլ վայրում եւ ձեւաչափով նրանք չեն հանդիպի, բայց, կարծում եմ, իմաստ ունի ուշադրություն դարձնել, որ 2014թվականի հոկտեմբերին անոնսավորվում է 2015թվականի սեպտեմբերի հանդիպումը: Ուզում եմ ընդգծել նաեւ, որ ադրբեջանական կողմի հրապարակային արձագանքներն առ այս պահը կարելի է գնահատել զուսպ եւ հավասարակշռված: Իսկ դա ինչ-որ բան, հավանաբար նշանակում է` նկատի ունենալով, որ այդ երկրում ամեն ինչ, այդ թվում` քաղաքական հայտարարություններն ու քաղաքագիտական վերլուծություններն ուղղորդվում են Իլհամ Ալիեւի աշխատակազմից: Սա չի նշանակում, թե Բաքվում «եղանակ է փոխվել»: Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հետընթաց է արել: Եւ բացառված չէ, որ ամեն ինչ վերադառնա, ինչպես ասում են, ի շրջանս յուր: Բայց պետք է հուսալ, որ բանակցությունների փարիզյան տոնայնությունը կպահպանվի ու, թերեւս, կունենա նոր դրսեւորումներ` հատկապես դրանց ԼՂՀ իրավահավասար մասնակցության հեռանկարով»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031