Ըստ Aravot.am-ի աղբյուրների, այսօր Ոստիկանության եւ քննչական կոմիտեի կողմից խուզարկություն է կատարվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկի ) տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանի եւ նրա տեղակալ Վահե Կիրակոսյանի բնակարաններում՝ պոլիտեխնիկի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու եւ այնտեղից վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելու գործով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը առանց անուններ հնչեցնելու՝ հաստատեց մեր ունեցած տեղեկատվությունը:
Aravot.am-ը կապվեց նաեւ Պոլիտեխնիկի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ: Պարոն Թոքմաջյանը մեզ հետ զրույցում հայտնեց հետեւյալը. «Գնում են քննչական գործողություններ եւ մինչեւ ավարտը մեկնաբանություն անելը կարող է վնասել գործին, ուստի ես իմ ունեցած տեղեկությունները եւ փաստերը կհրապարակեմ նախաքննական գործողությունների ավարտից հետո»: Ռեկտորին խնդրեցինք մեկնաբանել նաեւ վերջերս Խոյեցյանի եւ Կիրակոսյանի մամուլի ասուլիսում հնչած այն միտքը, թե իրենց հարաբերությունները ռեկտորի հետ իրենց համար անհայտ պատճառներով սրվել են, ու իրենք ենթարկվել են կարգապահական տույժերի: Պարոն Թոքմաջյանին հարցրինք՝ այդ ամենը կարո՞ղ է կապ ունենալ սեքսուալ սկանդալի գործի հետ: «Բացարձակապես ոչ, Խոյեցյանն ու նրա ղեկավարած վարչության աշխատակիցները բազմաթիվ թերացումներ ունեն աշխատանքները կատարելիս, եւ դրանք, անկախ գործի ընթացքից, քննարկվում եւ գնահատականի են արժանանում համալսարանի ղեկավարության կողմից: Ես անհարիր եմ համարում պաշտոնական լիազորություններում թերանալը որեւէ այլ բանի հետ կապելը»:
Հավելենք, որ Պոլիտեխնիկի աշխատակազմի ղեկավար Սամսոն Զատիկյանը համապատասխան հակափաստարկներ էր բերել հայտնի ասուլիսից հետո եւ ապացուցել, որ Խոյեցյանն ու Կիրակոսյանն իսկապես թերանում են աշխատանքներում: Ինչ վերաբերում է Վլադիմիր Խոյեցյանին, նրա քեռին է ՀՊՃՀ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, այժմ պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանը, որը բուհում հայտնի է նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ իր հրապարակումներով ու բողոքի ակցիաներով, եւ մեր տեղեկություններով, բուհի ռեկտոր դառնալու ցանկություն ունի, նաեւ վերջին ժամանակաշրջանում Թոքմաջյանի պաշտոնանկության մասին լուրերի ակտիվ տարածողներից մեկն է:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ