Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Միհրանյանը գերազանցեց Դմիտրի Կիսելյովին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2014 19:12

«Խնդրեք ձայնը, Ձեզ ձայն կտան, ես կպատասխանեմ: Սա բազար չի»,-բորբոքվեց մոսկվայաբնակ հայ հայտնի քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի առաջին և երկրորդ կազմի անդամ Անդրանիկ Միհրանյանը՝ ՀՀ ԱԺ-ում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում՝ «Հայաստան. Աշխարհաքաղաքական հարաբերություններ» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր քննարկումը բոյկոտել էին  ՀՀ ԱԺ պատգամավորները, որոնք ընդգրկված էին մասնակիցների կազմում, սակայն այդպես էլ չներկայացան քննարկման:
Այս միջադեպը տեղի ունեցավ, երբ լրագրողներից մեկը միջամտեց պարոն Միհրանյանին այն ժամանակ, երբ նա ասում էր, թե «ռուսական մամուլի ազատության պես ազատություն չկա անգամ Եվրոպայում և ԱՄՆ-ում»:

Ի պատասխան պարոն Միհրանյանն ասաց. «Քննարկումը բազար չէ: Եթե չգիտեք՝ ինչպես է անցնում քննարկումը, սկզբից հարցրեք, կբացատրեմ. ես վերջացնում եմ, ձեռք եք բարձրացնում, ղեկավարը տալիս է ձայնը, ներկայանում եք և հարց եք տալիս: Եթե ուզում եք Եվրոպա և ԱՄՆ լինեք, սա է օրենքը, եթե ուզում եք լինել բազար՝ ուկրաինական և չգիտեմ էլ ինչ՝ welcome»:

Այս արտահայտություններից հետո պարոն Միհրանյանը նեղսրտեց, թե ինքը հաճախ դառնում է «անհիմն հարձակումների թիրախ»: Գրանցվեց ևս մեկ միջադեպ, պարոն Միհրանյանը կրկին «հարձակվեց» լրագրողի վրա այն ժամանակ, երբ նա հարց հնչեցրեք Կիսելյովի, Վոլինկինիվարքագծի մասին, Անդրանիկ Միհրանյանը նետեց. «հոլինկի՞նն ով է»: Մի կերպ հասկացրին, թե նկատի ունեն Վոլինկինին, դրանից հետո պարոն Միհրանյանը սկսեց նախատել լրագրողին. «Դուք որ հեռուստատեսությամբ աշխատեք, ոչ ոք չի հասկանա Ձեզ: Ի՞նչ եք ասում՝ Վոլինկինն ու հոլիկինը տարբեր բաներ են»:

Այնուհետև ինչպես երեկ Aravot.am-ի հարցին ի պատասխան, այսօր ևս պարոն Միհրանյանը շարունակեց ստանձնել Կիսելյովի դատապաշտպանի դերը ու ասաց. «Ես ուրախ կլինեի, որ հայ տաքսիստը լավ կարողանար հաշվել և անգլերեն, և ռուսերեն, և չինարեն: Դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Չէի ուզենա, որ հայ ժողովուրդը ցուցաբերեր իրեն որպես մի խեղճ ժողովուրդ, որին անընդհատ թվում է, թե իրեն ուզում են նվաստացնել: Դա ցույց է տալիս, որ աննորմալ հոգեբանություն կա իրականության և ազգային հոգեբանության մեջ: Ամենաանորմալ ձևով են ընդունվում անգամ ամենաանմեղ արտահայտությունները: Ապշած էի մնացել, երբ այստեղ շատ վայրենի, աննորմալ հակակիսելյովական քարոզարշավ սկսեց: Դա համարվում եմ ապուշ ու կոմպլեքսավորված մարդկանց վերաբերմունք»: Ի պատասխան հարցին, թե ի՞նչ կասի ռուս պաշտոնյաների հայտարարությունների մասին՝ «ՀՀ-ում Ռուսաստանի հասցեին ցեխ շպրտող հ/կ-ների մասին», պարոն Միհրանյանը, նկատի ունենալով հիմնականում ամերիկյան, կազմակերպությունները, մասնավորապես USAID-ն ասաց, թե «Ո՞ւմ համար է հաճելի, որ ինչ-որ մեկը պետք է փող տա, որ քո երկրի քաղաքական ռեժիմը փոխեն»: Դիտարկմանը, թե Անդրանիկ Միհրանյանն իր այս արտահայտություններով գերազանցեց անգամ Կիսելյովին՝ վիրավորված հայ ազգին աննորմալ ու բարդույթավորված անվանելով, նա արձագանքեց. «Ես բոլորին եմ գերազանցում, ոչ միայն Կիսելյովին: Եթե չգիտեք, ուրեմն սխալ տեղ եք եկել: Դուք պիտի իմանայիք , թե ուր եք գալիս, ում հետ եք գալիս հանդիպման: Դուք մի քանի մարդկանց վիրավորվածությունը մի վերապահեք ազգին»:

Պարոն Միհրանյանը նաև խորհուրդ տվեց «չխոցոտվել» ու «չընկնել բարդույթների մեջ»: Այնուհետև հավաստիացրեց, որ Ռուսաստանում «էշեր չեն մնացել, որոնք ուզում են իրենց վրա վերցնել բեռ՝ վերստեղծել ԽՍՀՄ-ը»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե այն, որ պարոն Միհրանյանը հայտարարեց, որ ԼՂՀ սահմանին դրվելիք մաքսակետը մանր տեխնիկական հարց է, որով ինքը չի զբաղվում, չի՞ կարծում, որ կարող է դա դառնալ իր վրա հարձակման թիրախ, պարոն Միհրանյանն ասաց. «ՀՀ-ն միշտ հնարավորություն ունի իր հատուկ հարաբերություններն ունենալ Ղարաբաղի հետ: Ոչ մի անգամ, ոչ մի տեղ ոչ մի զորք չի տեղակայվի առանց հայկական կառավարության համաձայնության: Դա պետք է պայմանավորված լինի նաև Մինսկի խմբի որոշումներով: Սա ոչ հայ-ռուսական, ոչ հայ-եվրասիական հարց է, այլ միջազգային: Ոչ ոք չի կարող ստիպել ՀՀ-ին ունենալ ԼՂՀ-ի հետ հարաբերություններ, որոնք հաճելի չեն ՀՀ-ին»:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Շատ մեծահոգի մարդ է մեր Անդրանիկ Միհրանյանը, շատ: Էնքան, որ բարի գտնվեց հայերենով խոսել մեզ հետ: Իրականում կարծիքս սրա մասին հետևյալն է. մոսկվացի ռուսին հատուկ աստիճանի մեծամիտ, ռուսից ավելի ռուսամոլ, ազգակիցներին վերևից նայող, գյուղից քաղաք գնացած ու մի քանի տարի անց գործով գյուղ վերադարձած մի շարքային հաճկատար: Հուսով եմ, լրագրողները կամ մյուս մասնակիցները հնարավորություն ունեցել են մի քանի թթվաշ խոսք ասել սրան: Եվ վերջում. սրա պեսներն ավելի անցանկալի են, քան Կիսելյովները: Կիսելյովները գոնե մեզ մտածելու տեղ ու ինչ-որ բան փոխելու առիթ են տալիս:

  2. Արմեն says:

    Անդրանիկ Միհրանյանին խորհուրդ եմ տալիս կարդալ Պուշկինի էպիգրամներից մեկը ու հետևություններ անել, թե ով ինչպես է մնում պատմության մեջ: Վստահ եմ, որ չի կարդացել: Եթե կարդա, կհասկանա, որ դեռ շատ բան պետք է սովորել ուրիշներին bon ton սովորեցնելու համար: Աչպարար-“մարգարեների” հանգրվանները ժողովրդի հիշողության մեջ հայտնի են: Կարդացեք Պուշկին, պարոն Միհրանյան, որովհետև նման հոգեբանությամբ մարդուն հայ գրականության գոհարներ կարդալ խորհուրդ տալն անիմաստ է, արժանի չեք:

    “Не то беда, что ты поляк:
    Костюшко лях, Мицкевич лях!
    Пожалуй, будь себе татарин,—
    И тут не вижу я стыда;
    Будь жид — и это не беда;
    Беда, что ты Видок Фиглярин.”

    Երկու հարյուր տարի առաջ է ասված, երկու հարյուր ու գուցե հազար տարի էլ հետո այս միտքը իր արդիականությունը չի կորցնի, քանի որ միշտ կլինեն վիդոկֆիգլյարիններ (բուլգարիններ) ու կլինեն անդրանիկմիհրանյանն էր…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031