Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնած դիսկուսիոն ծրագրի մասնակիցների հետ: Նշենք, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ծանոթանալու Հայաստանի արդի քաղաքական հիմնական ուղղություններին:
Ողջունելով երիտասարդներին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հասարակական եւս մեկ հարթակ ստեղծելու եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր քննարկելու: Հանձնաժողովի նախագահը երիտասարդներին ներկայացրել է Ազգային ժողովի հիմնական գործառույթները, անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության
առանձնահատկություններին:
Այնուհետեւ ծավալվել է ջերմ եւ անկաշկանդ զրույց: Երիտասարդներին հետաքրքրող
հարցերը հիմնականում վերաբերել են Հայաստանի ինտեգրման գործընթացներին,
մասնավորապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը եւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանում մարդու իրավունքների
պաշտպանությանը եւ ժողովրդավարության զարգացմանը:
Խոսելով ՀՀ արտաքին քաղաքականությունից՝ պարոն Զաքարյանը նշել է, որ
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո էլ Հայաստանը շարունակելու է իրականացնել հավասարակշռված եւ բազմավեկտոր քաղաքականություն:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն