Արտուշ Հակոբյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի, Արթուր Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը մոտենում է ավարտին: Չնայած, պաշտպանական կողմի կարծիքով, ոչ մի բան ապացուցված չէ 2011թ. կատարված պաշտոնատար անձանց դեմ ավազակային հարձակումների գործով:
Այսօր «պարագլուխ» Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը դատարանում հրապարակեց 25.10.2011 եւ 29.12.2011թ. իր դիմումները՝ ուղղված նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Ըստ պաշտպանի, քրեական գործի նյութերում առկա էր Արտուշ Հակոբյանի՝ ոստիկանապետին ուղղված դիմումները, մինչդեռ Աղվան Հովսեփյանին ուղղված դիմումը գործի նյութերում չի եղել: Այն հրապարակվելուց հետո տրամադրվեց դատավոր Մեսրոպ Մակյանին: Ըստ այդ դիմումի՝ Արտուշ Հակոբյանի նկատմամբ 2011թ. սեպտեմբերի 24-ին ֆիզիկական ուժ է գործադրվել, նրան բերման են ենթարկել, գոտկատեղում խցկել «Մակարով» տեսակի ատրճանակ, ստիպելով խոստովանել, թե Արտուշ Հակոբյանը բանդայի ղեկավարն է:
Հետաքննիչը ներկայացրել է փաստաթուղթ, որ իբր «Մակարովի» վրա հայտնաբերվել է Արտուշ Հակոբյանի բթամատի հետքը: Ըստ դատախազին ուղղված դիմումի՝ Ա. Հակոբյանը մինչ բերման ենթարկվելը ոստիկանությունում առկա է եղել նրա բթամատի հետքը: Դիմումում խոսք էր գնացել նաեւ գործում առկա երկու «Մակարովների» մասին, նաեւ այն մասին, թե ինչ ճնշումների է գնացել նախաքննության մարմինը մինչ բերման կենթարկեր Ա. Հակոբյանին: Վլադիմիր Գասպարյանին ուղղված դիմումում էլ, ինչը հրապարակվեց, Ա. Հակոբյանը տեղեկացրել էր, որ առանց ընթերակաների իր մեքենան քշել են բերել «Ագուլիս» ռեստորանային համալիրից 6-րդ վարչություն. «Տխրահռչակ Ալիկ Սարգսյանը կոմունիստական մեթոդներով, կեղծ ապացույցներով հարստացրել է իր գրասենյակը»: Ա. Հակոբյանը խնդրել էր անհատական վերահսկողություն:
Հովիկ Արսենյանը խոսեց նաեւ ճանաչում քննչական գործողության մասին: Նախաքննական մարմինը Արտուշ Հակոբյանի գունավոր լուսանկարն էր ցույց տվել նրան ճանաչման ենթարկվող անձին: Թերեւս գործում առկա միակ գունավոր լուսանկարն էր այն: Ինչ վերաբերում է ներքին դիտմանը, մինչ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանին եւ Արման Դալլաքյանին կալանավորելը, ներքին դիտման որոշում է եղել: Հովիկ Արսենյանը վկայակոչեց 2007թ. օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի 22 հոդվածին, համաձայն որի՝ ներքին դիտումը կատարվում է բնակարանում, տեխնիկական միջոցներով, անձին կամ անձանց հետեւելու նպատակով, տեսանկարահանմամբ, լուսանկարմամբ, ձայնագրման միջոցով: Ըստ պաշտպանի, Արման Դալլաքյանը այդ ժամանակ գտնվել է 6-րդ վարչությունում, հետեւաբար այն չէր կարող համարվել դիտվողի «բնակարանը»:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ