Արագածոտնի մարզպետարանի բյուջեն 5 մլրդ 987 մլն դրամ է՝ 2015-ի համար: Այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ այդ մասին ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքերով՝ «Մենք այսօր քննարկում ենք ոչ թե մարզպետարանի շենքի պահպանման ծախսերը, այլ հարց եմ ուզում տալ՝ ձեզ ի՞նչ լրացուցիչ լիազորություններ են պետք, որ ավելի համակողմանի կարողանաք տարածքը կառավարեք»:
Մարզպետը պատասխանեց, որ նոր լիազորություններ իրեն պետք չեն, բավարար են արդեն Սերժ Սարգսյանի տված լիազորությունները:
Միքայել Մելքումյանը նաեւ հարցրեց՝ «Ձեր մարզում վերջին տարիներին ի՞նչ ներդրումներ են իրականացվել, ունե՞ք մարզի ներդրումային քարտեզը եւ ինչքա՞ն մարդ է արտագաղթել Ձեր մարզից, գործազրկության, աղքատության մակարդակը ինչքա՞ն է»:
Մարզպետը Արագածոտնը դրախտ ներկայացրեց: Ներդրումների ընդհանուր ծավալը պարոն Սահակյանը հստակ չասաց. «Բավականին մեծ ներդրումներ են կատարվել: Վերջին տարիներին խնդիրներ ունեինք խաղողի մթերումների հետ կապված, խնդիր կար բնակչությանը վճարելու: Վերջին 3-4 տարիների ընթացքում մի քանի գործարան է կառուցվել, Հայասի գործարանը եւ եւս երկուսը, արդեն խնդիր չկա, կարողանում ենք մթերել»:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ բոլոր պայմանները իրենց մարզում կան՝ ներդրումներ անելու, ավելին Միքայել Մելքումյանին առաջարկեց, որ եթե բարեկամներ, ընկերներ ունի, որոնք նման ծրագրեր ունեն, կարող են գալ իրենց մարզ:
Ինչ վերաբերում է արտագաղթին՝ մարզպետը վստահեցրեց, որ ահագնացող, լուրջ խնդիրներ այդ առումով էլ չկան: Գործազրկության մակարդակն էլ, ըստ մարզպետի, բավականին ցածր է իրենց մարզում. «90 համայնքներում մենք ծրագրեր ենք իրագործել: Դպրոցաշինություն, ճանապարհաշինություն եւ այլն»:
Միքայել Մելքումյանը եզրակացրեց. «Ձեր ասածներից ընենց դուրս եկավ, որ երեւի պլաններս փոխեմ, տեղափոխվեմ ձեր մարզ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ