Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության կողմից ֆինանսավորված, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից կազմակերպված և «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացված «Վարսավիրական գործի հմտություններ» 80-ժամյա դասընթացի մասնակից սիրիահայերն այսօր ստացան իրենց վկայականները:
ՄԱԿ ՓԳՀ-ն, «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ համատեղ, նրանց համար նաև նվերներ էր պատրաստել՝ վարսավիրական առաջին անհրաժեշտության պարագաներ, որոնք կօգնեն դասընթացն ավարտած սիրիահայ վարսահարդարներին աշխատել և գումար վաստակել տանը կամ վարսավիրական որևէ կենտրոնում:
«Իմ կյանքում մի շրջան կար, երբ ես ատում էի վարսավիրներին: Այն ժամանակ ես դպրոցում էի սովորում և «Բիթլզի» մոլի երկրպագուներից էի: Ուզում էի մազերս երկարացնել, իսկ մայրիկս ամեն անգամ ինձ տանում էր վարսավիրանոց ու կտրել տալիս մազերս: Ինչևէ: Կարծում եմ՝ վարսավիրությունն այնպիսի մասնագիտություն է, որով հնարավոր է աշխարհի ամեն մի ծայրում գումար վաստակել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ, երբ մարդիկ դիմում են աշխատանքի, նրանցից պահանջում են իրենց հետ բերել աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ, տվյալ դեպքում՝ վարսահարդարիչ, մկրատ և այլն, որպեսզի կարողանան դրանցով աշխատել: Մենք դա հասկացանք ու որոշեցինք այս դասընթացն ավարտած վարսահարդարներին ապահովել անհրաժեշտ որոշ պարագաներով: Հուսով եմ, որ նրանք կկարողանան դրանցով աշխատել եթե ոչ վարսավիրական որևէ կենտրոնում, ապա գոնե իրենց տանը, թեև ավելի լավ կլիներ, եթե կարողանային համախմբվել և ունենալ իրենց առանձին վարսավիրական սրահը»,- ասաց ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը:
Նշենք, որ այս դասընթացը մաս է կազմում «Փախստականների ինտեգրացիա կրթության միջոցով» ծրագրի, որը մեկնարկել է այս տարվա հունվարին:
Ծրագրի ղեկավար Մարինե Թունյանը լրագրողների հետ զրույցում ուրախությամբ նշեց, որ դասընթացների մասնակիցների մի մասն արդեն ունի աշխատանք. «Այսօր տասը հոգի պետք է ստանային վկայականներ ու վարսավիրական պարագաներ, բայց նրանցից մի քանիսը բացակայում են, որովհետև աշխատում են»,- նշեց Մ. Թունյանը՝ որակելով դա իբրև շատ լավ արդյունք:
«Վարսավիրական գործի հմտություններ» 80-ժամյա դասընթացն ավարտած Արին Ղազարյանը Aravot.am-ին ասաց, որ դասընթացը շատ է հավանել և նույնիսկ արդեն հաճախորդներ ունի. «Ես շատ եմ սիրում վարսավիրությունը: Բայց քանի որ, մինչև այսօրվա նվերները, ընդամենը մեկ վարսահարդարիչ ունեի, իսկ մկրատ ընդհանրապես չունեի, չէի կարողանում աշխատել: Հիմա արդեն ունեմ և կարող եմ ավելի շատ աշխատել»,- ասաց նա:
Հայկանուշ Պետրոսյանն ու Սոնա Սափսզյան էլ մեզ հետ զրույցում ասացին, որ այս դասընթացների շնորհիվ արդեն կարողանում են աշխատել. «Թեև տանն եմ աշխատում, բայց կարևորն այն է, որ կարողանում եմ որոշակի գումար վաստակել»,- ասաց Ս. Սափսզյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ