Այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի քննարկման ժամանակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց. «Արդեն երեք տարի է՝ ես տեսնում եմ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ պետբյուջեի քննարկումների մասին ժամանակացույց, որտեղ գրված է, որ այսօրվա քննարկմանը հրավիրված են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ մարզպետները: Ես երեք տարի է՝ ոչ մի տարի չեմ տեսել Տարոն Մարգարյանին եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Սա ի՞նչ է նշանակում: Ամենակրուտոյ պաշտոնյաները չե՞ն գալիս այսպիսի ոչ պրիստիժնի տեղեր, գալիս են առավել ոչ արտոնյալնե՞րը: Նրանք, ովքեր պատմագիտության դոկտորի կոչում ունեն, նրանց հարմար չէ՞ այսպիսի քննարկումների մասնակցել: Ասում են՝ Տարոն Մարգարյանը կարեւոր գործ ունի, այսինքն, մենք այստեղ հավաքվել ենք ոչ կարեւոր գործերո՞վ: Ես հիմա շատ կարեւոր գործեր ունեմ, ինչպես Տարոն Մարգարյանը եւ Սուրիկ Խաչատրյանը: Երբ նրանք կներկայանան, իմ հեռախոսահամարն ունեք, կզանգեք, ես կներկայանամ այս քննարկմանը»: Նա ցտեսություն ասաց եւ արդյունավետ քննարկում մաղթեց պետական կառավարման ոլորտում:
Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ այս քննարկումներին հարիր բառապաշար օգտագործեք. «Այն մարդիկ, ովքեր ներկա են, կպարզաբանեն, թե ինչու են իրենք եկել»:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Երեք տարի է՝ մենք լսել ենք այդ պարզաբանումները»եւ հեռացավ:
Aravot.am-ի հարցին՝ ստացվում է՝ Դուք եկել էիք հենց Սուրիկ Խաչատրյանի եւ Տարոն Մարգարյանի համար, եթե չեք մասնակցում այս կարեւոր քննարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Խնդիրը նրա մեջ է, որ ես երեք տարի մասնակցել եմ: Անընդհատ այդ հարցը բարձրացրել եմ, որ եթե մյուս մարզպետները եւ մենք հավաքվում ենք, ուրեմն ինչպես սահմանված է, թող մյուսներն էլ լինեն: Մի տարի կարող են կարեւոր գործ ունենալ, երկու տարի, չնայած ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի կարեւոր գործ պիտի լինի, քան երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը: Եթե ոմանց թվում է, թե մենք կարեւոր գործեր չունենք, ես ընդամենը արձանագրում եմ, որ ես հիմա շատ կարեւոր գործեր ունեմ եւ գնում եմ իմ կարեւոր գործերին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև