Քիչ առաջ ՀՀ ԱԺ հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում՝ 20 րոպե ուշացումով մեկնարկեց «Հայաստան. Աշխարհաքաղաքական հարաբերություններ» թեմայով կլոր սեղանը, որի հյուրն էր քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի առաջին և երկրորդ կազմի անդամ Անդրանիկ Միհրանյանը:
Նախատեսված էր, որ հանդիպմանը պետք է մասնակցեին նաև ՀՀ պատգամավորները. Ծրագրում մասնակիցների թվում նշված էին Վարդան Այվազյանը, Կորյուն Նահապետյանը, Ռուզաննա Մուրադյանը, Վահե Էնֆիաջյանը, Հայկ Բաբուխանյանը, Խաչատուր Քոքոբելյանը և այլք: Սակայն նրանցից ոչ մեկը չէր ներկայացել:
Ակումբի անդամներն իրենց ակնհայտորեն անհարմար իրավիճակում էին զգում այս պատճառով ու անընդհատ փորձում արդարանալ: Օրինակ՝ ակումբի անդամ, նախկինում «Համով զրույց» հաղորդման հեղինակ-վարող Զառա Արամյանն ասաց. «Ֆինանսաբյուջետայինի քննարկումն է, հիմա կգան»: Անդրանիկ Միհրանյանն էլ՝ տեսնելով, որ եկող չկա, ասաց. «Ուրեմն մեկ բաժակ սուրճ բերեք»: «Համով» Զառան էլ կատակով լրագրողներին ասաց. «Կոֆեի հոտերն էլ քցել են, հեսա մենք էլ ենք ուզելու»:
Ներկա չէր նաև ըստ միջոցառման ծրագրի՝ մոդերատոր Հերմինե Նաղդալյանը: Սակայն ԱԺ փոխխոսնակի անունը չգիտես ինչու գրված էր «Հեղինե»:
Կարդացեք նաև
Լրագրողների հորդորով, իհարկե, դժկամությամբ՝ այդպես էլ պատգամավորների ճանապարհին աչք կտրած, ակումբավարը սկսեց քննարկումը: Նախ ներածական խոսքով հանդես եկավ Անդրանիկ Միհրանյանը ու եզրափակելով համեստություն չարեց. «Ես, իհարկե, հաճույք եմ ստանում իմ խոսքերից, բայց դիալոգը մոնոլոգից լավ է»:
Հիշեցնենք, որ երեկ Անդրանիկ Միհրանյանը հրավիրված էր նաև Հայաստանի քաղաքագետների միության (ՀՔՄ) վարչության կառույցում գործող «POLITLOGOS» իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում «Հայաստանը կատարեց աշխարհառազմավարական ընտրություն. հետևանքները մեր երկրի և կովկասյան տարածաշրջանի համար» թեմայով անցկացված միջազգային ինտերնետ-համաժողովին, որի ընթացքում Անդրանիկ Միհրանյանին լսել ցանկացողների և քննարկման մասնակիցների թիվը անհամեմատ ավելին էր, քան այսօր՝ ԱԺ-ում:
Քիչ անց հայտնվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Պողոսյանն ու Ռուզաննա Մուրադյանը: Սակայն Ռուզաննա Մուրադյանը նախապես ասաց, թե երկար չի մնալու, մեկ այլ քննարկման է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ