Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ տղամարդկանցից պահումներ չեն անում, մայրերից անում են» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 29,2014 15:53

Մայրության նպաստների մասին այսօր «Անալիտիկ» ակումբում կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչ, իրավաբան Անաիդա Սիմոնյանն ասաց, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» նախագիծը բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի: Մասնավորապես` աշխատանքային ստաժի սահմանափակումը` եթե կինը տվյալ գործատուի մոտ աշխատել է մինչեւ 1 տարի, ապա նրա դեկրետային նպաստը հաշվարկվելու է միջին աշխատավարձի 40 %-ի չափով, եթե` 1-3 տարի` 60%:

Իրավաբանի խոսքերով` սա հակասում է ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածին, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք, իսկ նախագծի այդ կետով այս իրավունքը սահմանափակվում է ստաժի համար, ինչպես նշեց իրավաբանը, կինը չի կարողանալու մեկ այլ աշխատանք ընտրել:

Ինչպես նաեւ, խնդրահարույց է նախագծի այն դրույթը, ըստ որի բարձր աշխատավարձ ստացող հղիների համար վերին շեմ է սահմանվում. 1-2 երեխա ունենալու դեպքում առավելագույն շեմը կազմելու է 2 միլիոն 600 հազար դրամ, 3 եւ ավելիի դեպքում` 3 միլիոն 400 հազար: Բացի այս, նախատեսվում է նաեւ, որ դեկրետային գումարը հաշվարկվում է աշխատավարձի 100%-ի չափով, ինչը նվազեցվելու է 80%-ի:

Իրավաբանի խոսքերով` Ազգային ժողովում քննարկման ժամանակ, երբ հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ տղամարդկանց զորակոչելու դեպքում նրանց աշխատանքն ու աշխատավարձը պահպանվում է, պահումներ չեն անում, իսկ մայրերից կրճատումներ են անում. «Լուրջ չընդունեցին, ասացին` դե նրանք տղամարդ են, ընտանիք են պահում: Սա ակնհայտ խտրականություն է»:

Մանրամասն`  տեսանյութում

 

 

Իրավաբանը վստահեցրեց, որ պայքարելու են մինչեւ վերջ, որպեսզի այդ խնդրահարույց կետերը հանեն նախագծից, իսկ չաշխատող մայրերի համար էլ գտնեն գումարներ, որպեսզի նրանց եւս նպաստ տրվի:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչ Հայկուհի Ղազարյանն էլ ասաց, որ եթե նպաստը հաշվարկելիս հաշվի է առնվելու կնոջ աշխատանքային ստաժը, ապա կինը շահագրգռված չի լինի մայրանալ, կհետաձգի հղիանալը, որպեսզի ստաժ հավաքի ու գոնե աշխատավարձի 60%-ի չափով նպաստ ստանա, մոտ 3 տարի պիտի աշխատի, որ ստաժ ունենա: Հայկուհի Ղազարյանի խոսքերով` ստաժի պայման դնելով, նաեւ կբարձրանա մայրության շեմը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031