«Անցյալ տարվա բյուջեի քննարկումները մտահոգիչ էին այն առումով, որ գյուղատնտեսության նախարարը հաշվետու եղավ գյուղոլորտին հատկացված գումարների ընդամենը կեսի համար` 8 միլիարդ դրամի համար, իսկ մյուս կեսը նա համարեց, որ իր տիրապետության տակ չի: Մնացածը մարդ չկար ներկայացնող»: Այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով պետբյուջեից գյուղատնտեսությանը հատկացվող գումարների սակավությանը նշեց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Ըստ նրա՝ նման ձեւով գյուղատնտեսությունը հնարավոր չի զարգացնել, իսկ Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությունը դրա վառ ապացույցն է. «8 միլիարդ դրամ համարյա ամբողջությամբ փոշիացվել է, քանի որ Զիմբաբվեից մարդիկ էին բերել պատվաստում սովորեցնելու համար, գառներ էին ներմուծել: Այսինքն, բյուջեի կեսը փոշիացվել է»:
Պրն Խաչատրյանի խոսքով՝ եթե նման իրավիճակ այս տարի շարունակվի եւ գյուղատնտեսության նախարարը պատասխանատու չլինի ողջ գումարի համար, ապա գյուղատնտեսությունը չի զարգանա:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ ասուլիսին նշեց, որ գյուղատնտեսությունը մի ոլորտ է, որտեղ պետությունը պիտի ներդրումներ կատարի. «Գյուղատնտեսության ոլորտը շարունակ պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում: Շատ երկրներում բյուջեի 40 տոկոսը հատկացնում են գյուղատնտեսության ծախսերի սուբսիդավորման համար, այդ պատճառով էլ եվրոպական երկրների գյուղմթերքը ավելի էժան է ստացվում: Մեր աղքատիկ բյուջեն այդ հնարավորությունը չունի, դրա համար ունենք այն, ինչ ունենք»:
Կարդացեք նաև
Պրն Սաֆարյանի պնդմամբ՝ պետք է գյուղացիական կոոպերացիաներ ստեղծել՝ ոլորտում առաջընթաց ունենալու նպատակով. «Այս կերպ մենք գոնե կկարողանանք սննդի անվտանգության խնդիր լուծել եւ ամեն անգամ մտավախություն չենք ունենա, որ կարող է Ռուսաստանը մեզ ցորեն մատակարարել, կհերիքի մեզ, թե ոչ: Ինչու մենք չունենանք մեր մթերքը, մենք չարտադրենք եւ մենք չարտահանենք»:
Լյովա Խաչատրյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտին վնաս հասցրած ԱԻՆ-ի այն հայտարարությանը, թե իբր հոկտեմբերի 26-ից լեռնային շրջաններում 20 աստիճանով ջերմաստիճանի կտրուկ իջեցում է լինելու. «Արդյունքում, գյուղացիները իրենց ապրանքը, որը պիտի ժամանակի ընթացքում հավաքեին, եւ ըստ պահանջարկի վաճառեին, մի օրվա մեջ հավաքեցին եւ թափեցին: Սրա համար ո՞վ է պատասխան տալու: Միգուցե սա՞ էր պատճառը, որ ԱԻՆ-ի բյուջեն այս տարի 33 -34 տոկոսով ավելի էր»:
Մանրամասն՝ տեսանյութում
Լյովա Խաչատրյանը նաեւ մեկնաբանեց Արարատյան արտեզյան ավազանների խնդիրը եւ նշեց, որ մոտ, արդեն Սեւանա լճի կիսով չափ ջուր է հանվել այնտեղից. «Սակայն ժողովուրդը ոչինչ չի ստացել: 18 մետր անկում կա, իսկ այդ տարածքի ժողովուրդը պարզապես ապրում է անդունդի վրա: Պետք է հետազոտություն անել եւ տեսնել այդ դատարկ տարածքը երբ կլցվի»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ