«Դրական է, որ ոչ բարեկամական կողմերը կրկին հանդիպում են»,- այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սարգսյան-Օլանդ-Ալիեւ հանդիպմանը, հայտարարեց Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Նա նշեց, որ բավականին երկար ժամանակ երկու պետությունների նախագահները չէին հանդիպում, այդ պատճառով գերմանական կողմը շատ ուրախ է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կազմակերպեց. «Կարծում եմ՝ պետք չէ չափազանց լավատես լինել եւ այս հանդիպումից մեծ արդյունքներ ակնկալել, կարեւոր է, որ երկու պետությունների նախագահները երկխոսության մեջ են, եւ լավ լուրն այն է, որ երկու նախագահներն այս տարվա մեջ հանդիպում են արդեն երրորդ անգամ»:
Դեսպանը համարում է, որ Սարգսյանը եւ Ալիեւը պետք է բովանդակային առումով մերձեցման եզրեր գտնել. «Մենք շարունակում ենք պաշտպանել երեք համանախագահների դիրքորոշումները, եւ կարծում ենք, որ այս ձեւաչափը ճիշտ ճանապարհն է՝ բանակցությունները շարունակելու համար»:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը կարեւորում է այն հանգամանքը, որ նախագահները ավելի հաճախ են հանդիպում. «Մինսկի երկրներից դուրս գտնվող բոլոր երկրների խնդիրն է, թե ինչպես կարելի է օժանդակել Մինսկի խմբի ջանքերին եւ օգնել, որ այս պահը շարունակվի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ