«Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հոկտեմբերի 28-ին հրավիրել էր աշխատանքային քննարկում՝ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում:
Տեղեկացնենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն» անվանակարգում: Ծրագրի նպատակն է վեր հանել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պատասխանատվության ենթարկելու միջազգային իրավական հենքերը, հստակեցնել այն իրավական նորմերի շրջանակը, որոնք կիրառելի են Հայոց ցեղասպանության համար համապատասխան սուբյեկտներին պատասխանատվության կանչելու համատեքստում, վերլուծել համապատասխան միջազգային իրավական պահանջներ ներկայացնելու հնարավոր ձևերն ու եղանակները, ներկայացնել հիմնական եզրահանգումները շահագրգիռ անձանց եւ հաստատություններին:
«Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ տնօրեն Տարոն Սիմոնյանը շեշտեց, որ պետք է բարձրաձայնվեն այն հիմնական դրույթները, որոնց միջոցով կարելի է վեր հանել Թուրքիային` միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունները: Այնուհետև նկատեց. «Ցեղասպանության խնդիրներ ուսումնասիրելիս պատմաբաններն ու իրավաբանները մինչև այժմ հիմնականում շեշտը դնում էին ընդհանրապես ցեղասպանության բնորոշման կամ հայոց ցեղասպանության ճանաչման հարցերի վրա: Մենք փորձում ենք վեր հանել իրավական մեխանիզմները, Թուրքիային միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունները»: Երիտասարդ գիտնականների խումբը հետազոտության ընթացքում քննարկել է դատական նախադեպեր, փորձել պարզել, թե ինչ իրավական մեխանիզմներ են առկա և որոնք են դրանցից ավելի արդյունավետները: Հետազոտության արդյունքներն արդեն պարզ կդառնան և կհրապարակվեն նոյեմբերի վերջին:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նկատեց, թե ժամանակ էր պետք, որ հասարակությունը գար այն համոզման, որ հայոց ցեղասպանության խնդիրը զուտ ճանաչման խնդիր չէ: Պարոն Մելքոնյանը մանրամասնեց. «Դա թուրքական թակարդ էր, որի մեջ 50 տարի ներքաշվել էինք և ևս 50 տարի էր պետք, որ մենք հասկանանք, որ խնդիրը հատուցման մեջ է: Դրանից խուսափելու համար թուրքական կողմը մերժողական կեցվածք էր ընդունել և խնդիրը ինչ-որ իմաստով մտցրել փակուղի: Իսկ մենք մեր բոլոր հնարավորությունները օգտագործում էինք թուրքական մերժողականության դեմ պայքարելու համար»: Պարոն Մելքոնյանը նշեց, թե հասարակության և նեղ մասնագետների շրջանում այժմ այլ մտայնություն է տիրում. «Խնդիրը պետք է հանգեցնել հատուցման, հատուցումը պետք է լինի հայոց ցեղասպանության հետևանքների վերացման միակ ճանապարհով»: Պարոն Մելքոնյանը նաև շեշտեց, որ հայերին հայրենազրկելու համար ևս Թուրքիան պետք է ենթարկվի պատասխանատվության:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, փաստելով, որ այս հարցում փոքր-ինչ ուշացել ենք, ասաց. «Լավ է ուշ, քան երբեք: Կա իրավական հարցերի մի մեծ շրջանակ, որոնք իրենց կարևորությամբ չեն զիջում իրար: Այդ շրջանակը պետք է դրվի լուրջ հետազոտության կենտրոնում և փորձ արվի առավել հրատապ կերպով դա անել, քանի որ այդ խնդիրները օրեցօր և ժամ առ ժամ դառնում են էլ ավելի կարևոր»: Պարոն Մելքոնյանը նաև նկատեց. «Մենք կարող էինք այս իրավական խնդիրները շատ ավելի շուտ քննարկել, դրանց նկատմամբ մեր դիրքորոշումը հստակեցնել և չսպասել մինչև 2015-ի շեմին»:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պատրաստել Հայոց ցեղասպանության առանցքային իրավական դրույթներին վերաբերող ուղեցույց, որը թույլ կտա շահագրգիռ սուբյեկտներին հստակ պատկերացում կազմել Հայոց ցեղասպանության իրավական հարթության հիմնախնդիրների մասին, վերհանել տվյալ ոլորտում առկա հիմնական իրավաբանական հիմնախնդիրները եւ պատրաստ լինել հնարավոր մարտահրավերներին հակազդելուն:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն