Հենց նոր Aravot.am-ին հայտնի դարձավ, որ երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել Ամասիայի դաշտերում՝ ազգությամբ եզդի երկու չոբանների միջև: Ամասիայի առողջության կենտրոնից 16.15 րոպեին տեղի ոստիկանություն հաղորդում է ուղղվել այն մասին, որ Մելիքշահ Մխոյանը մարմնական վնասվածքներ է հասցրել մեկ այլ չոբանի` Կնյազ Ուսուբյանին`վնասելով նրա գլուխն ու դեմքը:
Պարզվում է, որ Ամասիայի դաշտերում անասուն արածացնելիս այս երկու չոբանները խմել են, իրենց լավ զգացել ու ալկոհոլի ազդեցության տակ, միմյանց չհասկանալով, վիճաբանել են:
Մելիքշահ Մխոյանը ոտքով ու ձեռքերով հարվածել է 1958 թվականին ծնված Կնյազ Ուսուբյանին: Վերջինիս տրվել է դատաբժշկական ուղեգիր՝ հետազոտվելու համար: Իրավապահները չոբան Մելքշահի այս արարքը որակել են որպես խուլիգանություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ