Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կանանց զրկելով եկամուտներից՝ ազդելու են նրանց, եթե ոչ առաջին, ապա երկրորդ եւ երրորդ երեխա ունենալու որոշման վրա»

Հոկտեմբեր 29,2014 13:41

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաթեթը մենք համարում ենք խնդրահարույց։ Այս մասին այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասացին «Մայրության արձակուրդի արդարացի փոխհատուցում» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Տաթևիկ Դավթյանը եւ Անուշ Բաբայանը։

Բանախոսները ներկայացրին, որ, օրենքում խնդրահարույց կետերը վերանայելու նպատակով, նամակով դիմելու են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։

Տաթեւիկ Դավթյանը նշեց, որ նոր օրենքով առաջարկվող փաթեթի մեջ երկու դրույթ կա, որոնք չափազանց վիճելի են՝ առաջինը այն, որ հղիության արձակուրդի ժամանակահատվածի համար կնոջը տրամադրվող փոխհատուցման համար սահմանվել է առավելագույն շեմ եւ երկրորդ՝ այդ փոխհատուցման չափը սահմանելը կնոջ՝ վերջին գործատուի մոտ ունեցած աշխատանքային ստաժով պայմանավորված. «Սոցապ նախարարությունը հիմնավորում է, որ այս փոփոխությունների փաթեթը իրականացնում է, քանի որ բյուջեից տրամադրվող գումարների ծախսարդյունավետության հետ կապված խնդիրներ է տեսնում։ Ուզում ենք հավաստիացնել, որ մենք նույնպես շահագրգիռ ենք, որ բյուջեի ծախսերը ծառայեն իրենց նպատակին, բայց միեւնույն ժամանակ կարծում ենք, որ խնդիրը չի կարելի լուծել՝ ոտնահարելով քաղաքացիների, այս պարագայում մայրերի իրավունքները»։

Նշենք, որ նոր օրենքով նախատեսվում է կրճատել աշխատող հղի կանանց տրվող նպաստները եւ դրա փոխարեն այդ գումարներն ուղղել չաշխատող հղիներին:

Բանախոսները ներկայացրին, որ խորհրդարանում լսումների ժամանակ իրենք մանրամասն ներկայացրել են, որ օրենքում փոփոխության ենթարկված դրույթները իրավական տեսանկյունից հակասում են ՀՀ Սահմանադրությանը եւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների եւ խարտիաների հիմնարար սկզբունքներին՝ խախտելով կնոջ՝ հղիության արձակուրդի ժամանակահատվածում իր եկամտին համազոր փոխհատուցում ստանալու հիմնարար իրավունքը։ «Տնտեսական տեսանկյունից՝ աշխատող կանանց զրկելով իրենց եկամուտներից, ավելացնելու են կտրուկ նրանց ծախսերը։ Իհարկե, այս կերպ նաեւ ազդելու են կանանց, եթե ոչ առաջին, ապա երկրորդ եւ երրորդ երեխա ունենալու որոշման վրա, ինչը ժողովրդագրական աճ ունենալու համար էական է»։

Օրենքի մեջ, ըստ նրանց, լուրջ բարոյահոգեբանական խնդիր եւս կա, քանի որ հղի կինը այդ շրջանում ամենաշատն ունի օժանդակության կարիք, սակայն պետությունը այս կերպ խլում է նրա եկամուտը, որն էլ բացասական ազդակ է ուղարկում կնոջը։

Անուշ Բաբայանը, իր խոսքում նշեց, որ ԱԺ-ում քննարկումից հետո կարելի է հետեւություն անել, որ նախարարությունը ինքը լիարժեք հիմնավորումներ չունի վերին շեմ սահմանելու հարցում. «Վերցրել են կցկտուր հետազոտություններ, գուցե որոշ երկրների չգործող օրենքներից, որոնք չեն գործում»։

Նախաձեռնության անդամների խոսքով՝ չկա մեկը, որ վատ վերաբերվի այն հանգամանքին, որ չաշխատող մայրը նպաստ ստանա, քանի որ նրանք ավելի շատ այդ նպաստի կարիքն ունեն, քան ցանկացած աշխատող կին. «Սակայն կարծում ենք, որ չի կարելի չաշխատող կանանց գումար տալ ի հաշիվ աշխատող կանանց։ Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք»։ Նրանք նշեցին, որ հանրային միջոցառումներ դեռեւս չեն ձեռնարկի։ Սպասում են, որ նախարարությունը վերամշակի փաթեթը եւ վերջնական տարբերակը դնի քննարկման հանրության հետ։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031