«Կառավարությունը հստակ հետևում է բյուջետային ընթացակարգին, բյուջեում արտացոլվում է այն, ինչը հաշվարկված է, ինչը առկա է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն`անդրադառնալով արդեն երկու օր քննարկման թեմա դարձած հարցին` ինչո՞ւ 2015 թվականի բյուջեի նախագծում չի հաշվարկվել ԵՏՄ անդամակցության ազդեցությունը ՀՀ պետբյուջեի վրա:
Նա կրկնեց նույն փաստարկը, ինչ երկու օր բերում է ֆինանսների նախարար Պավել Սաֆարյանը` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո կարելի է խոսել բյուջեի փոփոխությունների մասին: «Եթե ձեր հարցն այն է, թե արդյոք կառավարությունը կանխատեսումներ արել է, ուսումնասիրել է, թե ինչպիսի՞ արդյունքներ կարող են լինել, իհարկե, դա արվել է և արվել է շատ վաղուց, նախքան այն փուլը, երբ սկսվում էր մշակվել ճանապարհային քարտեզը»,- շարունակեց Դավիթ Հարությունյանը:
Իսկ ի՞նչ են հուշում նախնական գնահատականներն ու ուսումնասիրությունները: Դավիթ Հարությունյանն ասաց, որ հնարավոր չէ հարյուր տոկոսով կանխատեսել. «Այնուամենայնիվ դրական կողմերը, ըստ կանխատեսումների, շատ ավելի մեծ են, բարձր է այն դրականը, որը Հայաստանի Հանրապետությունն է ստանալու, և դրա համար նման որոշում կայացվեց»:
Պատասխանելով հարցին` հնարավո՞ր է կառավարությունը տարվա կեսին փաստի առջեւ կանգնի՝ տեսնելով, որ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ բյուջեում պետք է փոփոխություններ կատարվեն, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Որևէ մեկը երբևէ երաշխավորված չէ 100 տոկոսով ցանկացած իրավիճակից: Այսինքն, այդ կանխատեսումները ոչ դուք, ոչ ես, ոչ որևէ մի տնտեսագետ 100 տոկոսով չի կարող ասել: Այնուամենայնիվ տարիներ շարունակ մեզ հաջողվել է ապացուցել, որ բյուջեն ճիշտ ենք կարողանում կանխատեսել: Վստահ ենք, որ այս տարին ևս բացառություն չի լինելու»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ