Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հավատում է, որ Ուկրաինայի իշխանություններն ամեն ինչ կանեն, որ Ղրիմը վերադառնա Ուկրաինայի կազմ:
Այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողներից մեկի հարցին, թե հավատո՞ւմ եք, որ Ղրիմը կվերադառնա Ուկրաինայի կազմ, դեսպանն ասաց՝ Աստծուն է հավատում: Հետո ասաց, որ դե ֆակտո Ուկրաինայինն է.«Բայց գնվել է Ռուսաստանի կողմից: Ուկրաինայի իշխանություններն ամեն ինչ կանեն, որ այն Ուկրաինայի ամբողջական տարածքում լինի»:
Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, ասաց, որ այն անցել է միջազգային դիտորդների ուշադրության կենտրոնում. «Ընտրությունները կայացան, մասնակցեց քաղաքացիների 52 տոկոսը: Առաջինը ընտրություններին արձագանքեցին Եվրախորհուրդն ու ԵԽԽՎ-ն: Ընտրությունների արդյունքով, այսօր կարելի է արձանագրել, որ ուկրաինացի ժողովուրդը իր ընտրությունը կատարեց Եվրամիության օգտին»:
Ռուսաստանի գնահատականները ընտրությունների վերաբերյալ Ուկրաինայի համար նշանակություն ունե՞ն, հարցին՝ դեսպանը մեջբերեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, թե Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կընդունի Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունները:
Կարդացեք նաև
Դեսպանի գնահատմամբ, Ուկրաինայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները մայդանի արդյունք էին.«Ես մայդանին նայում եմ Ուկրաինայի քաղաքացու տեսանկյունից, այն երեւի առաջին հերթին սոցիալական բունտ էր՝ ընդդեմ Մաքսային միության, քաղաքացիները բողոքում էին, որ Վիլնյուսում չէր ստորագրվել ազատ առեւտրի պայմանագիրը: Դա մի ուժ էր, որը բերեց ժողովրդավարական փոփոխությունների երկրում: Մայդանի արդյունքը ոչ միայն նախագահական ու խորհրդարանական ընտրություններն էին, այլեւ Եվրամիությանն անդամակցելու մասին համաձայնագիրը»:
Դեսպանը մեկնաբանեց նաեւ հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսի հայտարարությունը, թե Ռուսաստանը Ուկրաինայի համար կմնա ամենամեծ սպառնալիքը:
«Նրա ակնարկը, թե առջեւում ձմեռ է ու Ռուսաստանը կարող է սպառնալ գազով եւ ինչ-որ ճնշումներ գործադրել ձմռանը, ամռանը, չեմ կարող ասել, թե ինչ տիպի ճնշումներ կարող են լինել: Ուկրաինան Եվրամիության օգտին ընտրություն է կատարել: Կրկնում եմ՝ արդյունքը միջազգային հանրությունից ճանաչված Ուկրաինայի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են»:
Գազի վերաբերյալ հնարավոր ճնշումների մասին էլ դեսպանն ասաց՝ բանակցային խումբը այդ մասին կզբաղվի ու հավելեց. «Ռուսաստանի հետ պետք է երկխոսություն, դա գիտակցում են եւ Ուկրաինայի նախագահը եւ քաղաքագետները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ