«Տեղյա՞կ եք, որ շուտով արտահերթ ընտրություններ են, հանրությունը պահանջում է: Որքա՞ն գումար է այդ դեպքում պահանջվելու բյուջեից, որքա՞ն գումար է նախատեսված»,-այսօր խորհրդարանում 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին: «Չգիտեի»,- արձագանքեց Տիգրան Մուկուչյանը` հավելելով, որ բյուջեի նախագիծը գրելիս օրենքով ամրագրված պահանջները հաշվի առնվում են, այն պահանջները, որոնք տվյալ պահին իրավական հիմքի տեսանկյունից արդեն առկա են. «Ձեր ասածը երբ կնշանակվի, այն ժամանակ էլ Ընտրական օրենսգրքով սահմանված աշխատանքներ կիրականացվեն»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Նա մանրամասն պատմեց, որ այս պահին ԿԸՀ-ն զբաղված է ՏԻՄ ընտրությունների կազմակերպման աշխատանքներով: Զարուհի Փոստանջյանն անընդհատ վերաձեւակերպելով հարցը հնչեցնում էր: Տիգրան Մուկուչյանն ասաց, որ պատրաստ է Փոստանջյանին ներկայացնել նախորդ համապետական ընտրություններում ծախսված գումարի չափը, որպես տեղի ունեցած փաստ:
Զարուհի Փոստանջյանը պնդեց թիվ հրապարակել, թե բյուջեից որքա՞ն գումար կպահանջվի արտահերթ ընտրությունների համար: Այստեղ արդեն տեղի տվեցին ՀՀԿ-ական պատգամավոր, նիստը նախագահող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի նյարդերը. «Ձեր ասած ընտրությունները 2017-18 թվականներին են տեղի ունենալու, դեռ վաղ է այդ մասին խոսել»:
Մինչ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղի ունեցած այս բանավեճը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից լրագրողներն էին հետաքրքրվել`եթե ոչ իշխանական ուժերի և ժողովրդի ճնշման արդյունքում իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների, ԿԸՀ-ն պատրա՞ստ է ազատ ու թափանցիկ ընտրություններ կազմակերպել: Տիգրան Մուկուչյանն ասաց, որ մինչ օրս տեղի ունեցած բոլոր ընտրություններն անցկացվել են ազատ, արդար, թափանցիկ և առանց կեղծիքների. «Խոսքը վերաբերում է տվյալ դեպքում այն հանգամանքին, որ առանձին տեղամասերում նկատված ինչ-ինչ խախտումները դրանք երբևե չպետք է դիտարկել որպես խախտումներ, բայց դրանք միշտ չպետք է դիտարկել որպես ընտրությունների վրա ազդեցության տեսանկյունից: Պատկերացնել իդեալական ընտրություններ աշխարհում, որ ամբողջ օրվա քվեարկության ընթացքում որևէ տեղամասում որևէ խախտում տեղի չի ունենում, դա ուղղակի անպատկերացնելի է»:
Նա ասաց, որ այս պահին ունենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, այլ ընտրությունների ԿԸՀ-ն չի պատրաստվում:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի՝ ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակման վերաբերյալ պահանջին, ԿԸՀ նախագահը նշեց, որ այդ խնդիրը շատ է քննարկվել. «Ես բազմիցս առիթ ունեցել եմ ասել իմ մոտեցումը՝ ընտրողների ստորագրված ցուցակները դրանք իրենցում պարունակում են քվեարկության գաղտնիությանը վերաբերող էլեմենտ և դրանք չենք կարող հրապարակվել»: Իսկ ընտրությունների ժամանակ արձանագրվող հնարավոր խախտումները, ԿԸՀ նախագահի խոսքով, Ընտրական օրենսգիրքն ընտրական գործընթացը վերահսկելու լայն հնարավորություն է տալիս:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ