«Պլենումում ասում են`էս չկա, էն չկա: Պատասխանում են`շաբաթ օրը կաշխատենք, կիրակի օրը կաշխատենք…»,- «կոմունիստական թվի» այս անեկդոտն այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Այդ հումորը պատգամավորը պատմեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի`իր հարցին հնչած պատասխանից հետո:
Գագիկ Ջհանգիրյանը հարցրել էր նախարարին. «Դուք այսօր մեզ որակական բաներ պիտի ներկայացնեիք, բայց ասում եք, որ ընդամենը 20 տոկոսով նախատեսվում է դատապարտյալների զբաղվածությունն ավելացնել: Ես սպասում էի, որ դուք ոչ թե ֆինանսական ցուցանիշներ պետք է ներկայացնենք, այլ ձեր կատարած աշխատանքները: Երեկ այստեղ ոստիկանության ներկայացուցիչը մտահոգիչ հայտարարություն արեց, ասաց, որ ծանր և առանձնահատուկ ծանր հանցագործությունների թիվը 30%-ով ավելացել է: Սա շատ վտանգավոր է: Դուք ինչ որ ապրոբացին ծրագրերից եք խոսում, այդ դեպքում ինչպե՞ս ենք փորձում այդ ապրոբացիոն ծրագիրն ու այս թվերը զուգակցել»:
Հովհաննես Մանուկյանն ասաց, որ կառավարություն մտահոգված է հանցագործությունների թվի աճով. «Թվերը շատ են ես չեմ ցանկանում շատ ֆիքսվել թվերի վրա: Մենք տարբեր ապրոբացիոն ծրագիր ենք մշակում, իհարկե չեմ ասում, որ ապրոբացիոն ծրագրերն են բոլոր հարցերի լուծումը, բայց դա ևս կարևոր է….»:
Նախարարն այդպես էլ չպատասխանեց պատգամավորի հարցին: Գագիկ Ջհանգիրյանը էլ իր արձագանքում ասաց, որ նախարարությունը պետք է տեսնի թե այդ լիբերալացման ծրագրերն ի՞նչ արդյունք են ունենում. «Ասենք ԴԱՀԿ-ն աշխատում է, ասում է, որ մարդիկ են իրենց դիմում և խնդիրները լուծում են ստանում, բայց պետք է տեսնել թե ԴԱՀԿ-ի աշխատանքը ի՞նչ ֆինանսական ազդեցություն է ունենում տնտեսության վրա»:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, որ Արդարադատության նախարարությունն իր «հորանց տունը» համարող նախկին նախարար Հրայր Թովմասյանը Հովհաննես Մանուկյանի զեկույցի ժամանակ լքեց քննարկումն`այդպես էլ անհաղորդ մնալով «հորանց տանն» առկա խնդիրներին եւ դրանց լուծումներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ