Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Սահմանադրությունը բացարձակ մեղք չունի։ Եթե կուզեք, ապա ասեմ, որ մեղավորն ԱԺ-ն է». «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 29,2014 12:38

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը
երեկ նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում, միջազգային փորձ» թեմայով։

Այս առնչությամբ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, թե, իր կարծիքով, իշխող մեծամասնության կողմից կազմակերպված լսումների նպատակը պետք է լիներ գործող Սահմանադրության շրջանակներում, գործող ԱԺ կանոնակարգի պայմաններում օրենսդրական գործընթացի բարելավման հնարավորությունների քննարկումը։

Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավորը նշեց, թե նախորդ բանախոսների խոսքում նկատել է Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին ակնարկներ, ապա, դրանց անդրադառնալով, շեշտեց. «Մենք դեռ չենք իրացրել այս Սահմանադրությամբ ԱԺ-ին տրված օրենսդիր մարմին հայտարարվելու մենաշնորհը, ի՞նչ նոր Սահմանադրություն, ի՞նչ բարեփոխում…»։

Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ այն խնդիրների համար, որոնց իրենք բախվում են ամենօրյա աշխատանքի ընթացքում, ամենեւին չպետք է մեղադրել Սահմանադրությունը։
«Սահմանադրությունը բացարձակ մեղք չունի։ Եթե կուզեք, ապա ասեմ, որ մեղավորն ԱԺ-ն է, մենք ենք, որ վստահորեն չենք իրականացնում այն բոլոր լիազորությունները, որոնք տրված են ԱԺ-ին Սահմանադրությամբ՝ թե՛ որպես օրենսդիր, թե՛ որպես վերահսկողություն իրականացնող մարմին»,- ասաց պատգամավորը։

Գագիկ Ջհանգիրյանն ընդգծեց, որ եթե Սահմանադրությունը հոչակել է, որ օրենսդիր մարմինն Ազգային ժողովն է, ապա դա նշանակում է, որ Ազգային ժողովն ու համապատասխանաբար ԱԺ մասնագիտական հանձնաժողովները
պետք է գործեն իրենց դերին համապատասխան։

Ըստ պատգամավորի, քանի որ ԱԺ-ի դերն այս հարցում նվազել է, խորհրդարանը վերածվել է դակող մարմնի։

«Մենք տառացի, նեղ մեկնաբանություն ենք տալիս սահմանադրական դրույթին, բխեցնում ենք, որ Սահմանադրությունն ասում է, թե միայն պետք է քվեարկենք, ընդունենք օրենքը, ստացվում է, որ փաստորեն օրենսդրական պրակտիկան գնում է այդ ուղղությամբ։ Դրա համար կառավարությունը 95-97 տոկոս նախագծերի հեղինակն է, իսկ խորհրդարանը դառնում է այդ նախագծերը դակող մարմին։ Այստեղ ես չեմ էլ մեղադրում մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկված մեծամասնության ներկայացուցիչներին, որովհետեւ ուրիշ բան չեն կարող անել, քան քաղաքական պատվերն իրականացնելը»,- շեշտեց պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամը։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031