Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Ոչ, ես պատրաստ չեմ իշխանափոխության»

Հոկտեմբեր 29,2014 12:32

«Եթե դարձյալ նույն երգն ենք լսելու, կարծում եմ, որևէ համագործակցության մասին, գոնե այդ ոլորտում, իմաստ չունի խոսել: Իսկ գործի վերաբերյալ, նոր ծրագրերի, այն բարեփոխումների, որոնք մենք փորձում ենք իրականացնել, իհարկե, պատրաստ ենք համագործակցել, և Ազգային ժողովը հենց դրա համար է»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում` ի պատասխան եռյակի իշխանափոխության պահանջի, ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը` հիշեցնելով, որ մեկ անգամ արդեն եղել է նման նախադեպ, երբ պահանջում էին իշխանափոխություն, անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացում:

Լրագրողներից մեկի հարցին, եթե ճնշումը մեծ լինի, իշխանությունները պատրա՞ստ են իշխանափոխության, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ոչ, ես պատրաստ չեմ իշխանափոխության, որովհետև համարում եմ, որ… Ի՞նչ ճնշման մասին է խոսքը: Ես դեռևս չեմ տեսել որևէ մի քաղաքական գործիչ, որը մեկ այլ քաղաքական գործչի կամ հանրահավաքի արդյունքում որոշի հրաժարական տալ»:

Մեկ այլ հարցի` ինչպե՞ս է ինքը պատկերացնում, որ կառավարության ղեկավարի խնամին կարող է իշխանափոխություն անել և կառավարության ղեկավարին գահընկեց անել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այդ հարցը նախ և առաջ դուք պետք է տրամաբանեք, ինձ մի հարցրեք»:

Դավիթ Հարությունյանն այն կարծիքին է, որ Հայաստանում որևէ մեկը որևէ մեկին չի կարող իշխանափոխություն եւ արտահերթ պարտադրել, քանզի իշխանափոխությունը քաղաքական տրամաբանության վրա է հիմնված: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ժողովո՞ւրդն էլ չի կարող, եթե դուրս գա փողոց, նստացույցեր անի եւ այլն: «Իսկ ժողովուրդ ասելով՝ քանի՞ հոգի նկատի ունեք: Բազմամարդ թիվն ինձ համար թիվ չէ, թիվ հնչեցրեք խնդրում եմ, թիվ ասեք: Ես խնդրում եմ բացեք ընտրությունների արդյունքները և ստուգեք քանի՞ ձայն է ստացել իշխանական կուսակցությունն այդ ընտրություններում: Հերթով գումարեք և նայեք բոլոր թվերը: Այ երբ որ դուք այդ բոլոր անձանց կապահովեք, որ նրանք լինեն հրապարակում և պահանջեն իշխանափոխություն և հետո դուք ինձ համոզեք, որ այդ թիվն ավելի մեծ է, քան այն ձայների թիվը, որն ստացել է իշխող կուսակցությունը, այդ ժամանակ ես կպատասխանեմ ձեր հարցերին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031