Սկսենք նրանից, թե ովքեր են այն գործիչները, որոնց Տեր-Պետրոսյանը անվանում է «մարգինալներ»: Նրանց շարքում, առանց դույզն-ինչ սխալվելու, կարելի է նշել Կարապետ Ռուբինյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Նիկոլ Փաշինյանին, Հովհաննես Իգիթյանին, Պետրոս Մակեյանին: Գործիչների ցանկը կարելի է շարունակել:
Սակայն տվյալ պարագայում էական է, որ նշվածները, նրանց մեծ մասը հաստատ, Լ. Տեր-Պետրոսյանի կողքին են մնացել ու չեն լքել նրան նաեւ նրա պաշտոնանկությունից հետո ու դրան հաջորդած տասնամյակում: Ավելին՝ Տեր-Պետրոսյանի քաղաքական «հարությունը» 2007-2008-ին մեծապես ապահովեցին հենց նշված գործիչները: Եվ այսօր, խնդրեմ, նրանք դարձան «մարգինալ» ու հիստերիկ, «ձեւական ընդդիմադիր» եւ այլն:
Հարց է ծագում. նշված գործիչները վերջե՞րս հանկարծ դարձան այդպիսին: Թե՞ նրանք կեղծավոր ու հիստերիկ էին նաեւ նախքան այս, զորօրինակ, երբ Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձն էին ապահովում: Որպես ի՞նչ էին դա անում, որպես «իշխանության դաշնակիցնե՞ր»:
Գուցե հիշատակված գործիչները հասարակական-քաղաքական գործընթացներում, անհատապես կամ իրենց միավորող տարբեր կազմակերպությունների միջոցով, չունեն նկատելի կամ էական ազդեցություն (սա՝ «մարգինալի» առնչությամբ): Բայց, մյուս կողմից, նրանց գոնե մի մասին, քաղաքական ընդհանուր օրակարգի ձեւավորման, խնդիրների ձեւակերպման, նախաձեռնությունների տեսանկյունից ոչ մի կերպ հնարավոր չէ մարգինալ համարել:
Կարդացեք նաև
Կան գործիչներ, որ առանձին վերցրած երեւի ավելի շատ «պրոդուկտ» են տալիս, որպես ընդդիմադիր, ընդդիմախոս, քան ամբողջ «եռյակը» միասին վերցրած՝ մեկ հանրահավաքում:
Միով բանիվ, նախ, մարդկայնորեն առնվազն տգեղ է անվանարկել նախկին զինակիցներիդ, պայքարի ընկերներիդ միայն նրա համար, որ չեն ընդունում հերթական վայրիվերումդ ու հրապարակավ, առանց նենգության արտահայտում են իրենց տեսակետն այդ առնչությամբ: Եվ հատկապես մարդկանց, որ նույն Տեր-Պետրոսյանի հետեւից հավատարմորեն գնալու վերջնարդյունքում նաեւ բանտերում հայտնվեցին:
Երկրորդ՝ զուտ քաղաքական առումով քննադատության չի դիմանում ՀԱԿ առաջնորդի նաեւ այն հայտարարություն-մեղադրանքը, թե իրեն կամ եռյակին քննադատողները ինքնաբերաբար դառնում են իշխանության դաշնակիցները կամ հենց այդպիսին են, որ կան: Դա իրեն անսխալական համարող, քննադատություն ոչ մի կերպ չհանդուրժող անձնավորության ուղղագիծ մոտեցում է ընդամենը:
Էական հանգամանքներից մեկն էլ այն է, որ թվարկված նախկին զինակիցներից շատերը Տեր-Պետրոսյանից հեռացան հենց այն բանի հետեւանքով, որ նա որոշեց «խաղալ» «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի համար:
Այն, որ Տեր-Պետրոսյանի «խաղը» ոչ թե «Բարգավաճի» հետ է, այլ ԲՀԿ առաջնորդի համար, նրանք ներսից ավելի վաղ էին նկատել: Իսկ հիմա դա տեսանելի է բոլորին: Բավական էր միայն ուշադիր հետեւել եռյակի վերջին երկու հանրահավաքին՝ համոզվելու համար, որ Լ. Տեր-Պետրոսյանն ընդամենը սպասարկում է Գագիկ Ծառուկյանի քաղաքական շահերն ու հավակնությունները: Ուրիշ ոչինչ:
Եվ այն, որ նախկին ընկերները, զինակիցները իրենց տեսածն ու կարծիքը բացեիբաց արտահայտում են եւ հենց մեխին են խփում, ՀԱԿ առաջնորդն առանձնապես ցավոտ է տանում: Հակառակ պարագայում «չկարեւորելու» կոչեր անելով հանդերձ՝ հանրահավաքային ելույթում այդքան չէր կարեւորի «մարգինալներին»:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում