Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ փաստաբանները պաշտպանում են ադրբեջանցի դիվերսանտների շահերը ԼՂՀ դատարանում

Հոկտեմբեր 29,2014 12:01

«Այդ դատավարությունը լիովին օրինական է»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԼՂՀ-ում ընթացող՝ Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դատավարությանը:

Տիկին Ալավերդյանը, քննադատելով բոլոր այն կարծիքները, որոնք վերաբերում են նրան, թե արդյոք չճանաչված հանրապետությունում դատավարություն իրականացնելը օրինակա՞ն է, ասաց. «Չճանաչված երկիր և անօրինական դատ հասկացությունները չպետք է խառնել իրար: Տասնյակից ավելի չճանաչված երկրներ կան աշխարհում, ու եթե դատական ատյանները չաշխատեին այդ երկրներում, արդեն հասկանալի է, թե ինչ իրավիճակի հետ գործ կունենայինք»: Լարիսա Ալավերդյանը հակառակը պնդեց. «Ողջունելի պիտի համարել այն, որ չճանաչված երկրում գործում են մարմիններ, որոնց գործունեությունը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: ԼՂՀ օրենսդրությունը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին»:

Տիկին Ալավերդյանի կարծիքով՝ զարմանալի է այն, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից ոչ մեկը չի մասնակցել դատավարությանը: Նա նաև տեղեկացրեց, որ միջազգային հանրության ներկայացուցիչներ ևս չեն մասնակցում դատավարությանը, թեև հրավերներ ուղարկվել են:

Լարիսա Ալավերդյանը որոշ մանրամասներ ներկայացրեց դատավարության ընթացքից ու տեղեկացրեց, որ երկու օր առաջ սկսած դատական նիստը սկսվել է միջադեպով, քանի որ սպանված անձանց ընտանիքի անդամներին ու ծնողներին անհասկանալի ձևով վկաների ցուցակում էին ընդգրկել: Այդ ցուցակում են եղել սպանված անչափահաս տղայի մայրն ու եղբայրը, որոնք հրաժարվել են լինել վկա և պահանջել են, որ իրենք ներկա լինեն նիստին: Տիկին Ալավերդյանը շեշտեց. «Մտնել ու սպանել երկու հոգու՝ մեկը անչափահաս, մյուսը՝ զինվորական, դա ինքնին հանցագործություն է»:

Տիկին Ալավերդյանը տեղեկացրեց, որ դատավարությունը ընթանում է հայերեն ու ասաց. «Արցախում պետական լեզուն հայերենն է, ուստի դատավարությունը ընթանում է հայերեն, մեղադրյալները խոսում են ռուսերեն, ինչը թարգմանվում է հայերեն: Մենք հանդիպել ենք մեղադրյալների հետ, նրանք այն չափով, որով անհրաժեշտ է, տիրապետում էին ռուսերենին»:

ՀՀ առաջին օմբուդսմենն ասաց. «Դատարանը հստակ դրել է հարցը. միայն մեկին է սպանության մեղադրանք ներկայացվել, և իրենք իրենց մեղավոր միայն մասնակիորեն են ճանաչել: Խոսքը գնում է բաց դատի մասին. մեկը՝ Շահբազ Գուլիևը, ընդունել է Շահբազը իր մեղքը, որ ինքը անօրինական զենք է կրել, արել գողություն: Երկուսն էլ ընդունում են, որ համագործակցել են Ադրբեջանի ազգային անվտանգության մարմինների հետ, նրանք իրենք են ասում, որ հանդիպել են այդ մարմինների հետ»:

Aravot.am-ի հարցին՝ ինչպիսի՞ն է միջազգային հանրության արձագանքը նախադեպային այս դատավարությանը, հատկապես Կարմիր Խաչինը, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Կարմիր Խաչը հետևողականորեն առանց որևէ խոչընդոտների այցելություններ է կազմակերպում, դեղորայքներ և այլ խնդրանքների արձագանքում: Միջազգային Կարմիր Խաչը երբևէ իր վրա չի վերցրել դատավարության դիտարկումը, կամ այլ բան: Այն միայն հոգ է տանում մարդկանց ֆիզիկական և հոգեբանական վիճակի մասին»:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ դատավարությունը հավանաբար կտևի մինչև մեկ տարի, քանի որ վկաների մեծ ցուցակ կա գրանցված:Ինչպես տեղեկացրեց տիկին Ալավերդյանը, ադրբեջանցի դիվերսանտների շահերը պաշտպանում են հայ փաստաբաններ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031